Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք արդեն երրորդ անգամ բարեխիղճ վարորդներին գցում ենք ծուղակը». Միհրան Պողոսյան

Հուլիս 11,2018 13:29

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Վարչական իրավախախտումների համար կիրառված համաներման մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ը կատարված վարչական որոշ իրավախախտումների համար կիրառված տուգանքը ներվում է: Համաներումից կօգտվի շուրջ 150 հազար իրավախախտ:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց՝ հարկային համաներում էլ չի՞ պատրաստվում կիրառել կառավարությունը, 60 մլրդ-ի տուգանք կա, որոնց մեծ մասն անհուսալի է:

Զեյնալյանը պատասխանեց, որ կփոխանցի համապատասխան լիազոր մարմնին՝ կառավարությունում դա քննարկման առարկա դարձնելու:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ առաջարկեց անհուսալի վարկերի հետ կապված համաներում կիրառել: Զեյնալյանն էլ պատասխանեց, որ մինչ այսօր վարչական իրավախախտումների նման համաներում չի կիրառվել ՀՀ-ում, սա քաղաքական կամք է, որ այս իշխանությունները դրսեւորել են: Իսկ վարկերը մասնավոր հարաբերություններ են երկու կողմերի միջեւ:

Ավելի ուշ Արփինե Հովհաննիսյանն ուղղեց՝ ասելով, որ դա առաջին անգամ չէ, որ կիրառվում է:

Էնֆիաջյանը հարցրեց՝ կարմիր գծերը հանելու հարցը կառավարությունում քննարկվո՞ւմ է, որոշ տեղերում արագաչափերը հանելու, ապամոնտաժելու: Նախարարը պատասխանեց, որ անշուշտ, այստեղ լուրջ խնդիրներ կան, կամայականություն կա, բայց դա այլ ոլորտի խնդիր է:

Շիրակ Թորոսյանն ասաց, որ ոչ հայկական համարներով երթեւեկողների համար հայտարարվել է, որ 2018-ի հունվարի 1-ից է սկսվում տեսանկարահանող սարքերի, արագաչափերի տուգանքների կիրառումը, սակայն օտարերկրյա համարների ծանուցումը, օրինակ, տրվում է Բավրայի անցակետում եւ այդ ծանուցումները սկսվել է հունիսի 4-ից: Նա առաջարկեց, որ, օրինակ, վրացական համարներով երթեւեկող ջավախահայության նկատմամբ էլ կիրառվի համաներում, որովհետեւ հաճախ տուգանքը գերազանցում է մեքենայի արժեքը: Զեյնալյանը պատասխանեց, որ եթե իրենց սահմանված բացառությունների մեջ չի մտնում խախտումը, անկախ ազգությունից, համաներումը տարածվելու է, եթե ոչ՝ ոչ:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, որը հարակից զեկուցող էր, ասաց, որ կառավարությունը լավ բան է անում, ոչ ոք չի կարող վիճարկել, բայց հարցեր են առաջացել, օրինակ՝ մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ի խախտումերի ժամկետի հետ կապված: Նա ասաց, որ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում առաջարկ է եղել, որ համաներման ժամկետը սահմանվի 2018-ի հունվարի 1-ը եւ առաջարկն ընդունվել է: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ օրենքի նախագծի վերնագրի հետ կապված կասկածներ կան, որ հակասահմանադրական է, որովհետեւ, երբ, օրինակ, հարկային համաներում է արվում, Հարկային օրենսգրքի փոփոխություն է բերվում, ոչ թե համաներման մասին օրենք:

Միհրան Պողոսյանն իր ելույթում ասաց, որ արդեն 3-րդ անգամ է, որ համաներում է լինում վարչական իրավախախտումների համար եւ ամեն անգամ նման գործընթացից հետո բարեխիղճ վարորդների քանակը պակասում է. «Մարդիկ սպասում են, որ նմանատիպ գործառույթ էլի պետք է իրականացվի, սա լրջագույն խնդիր է պետության համար լինելու: Ես դեմ չեմ նման օրենքի ընդունմանը, բայց պետք է ուշադրություն դարձնենք, որ այն բարեխիղճ վարորդները, որոնք ժամանակին վճարումները կատարել են, պետք է անդրադառնանք նաեւ այդ վարորդների հարցին, ինչ-որ կերպ փոխհատուցենք նրանց վճարումների դիմաց: Մարդ, որը բարեխիղճ է, չպետք է տուժի: Մենք արդեն երրորդ անգամ բարեխիղճ վարորդներին գցում ենք այն ծուղակը, որը իրենց հետագայում դարձնում է ոչ բարեխիղճ վարորդներ»:

Անհանգստացած էր նաեւ «Ելքի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը, նա ասաց, որ այս նախագծով ասես թաքուն խրախուսվեն իրավախախտները, մյուս կողմից էլ այն կարեւոր սոցիալական նշանակություն ունի: Առաջարկեց, որ ոչ թե ուղղակի զրոյացվեն այդ պարտքերը, այլ մի քանի անգամ կրճատվեն, ասենք՝ 3-4 անգամ, նաեւ մինչեւ 2018-ի հուլիսի 1-ը ժամկետը սահմանել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031