«Մենք հիմք ունենք կոնկրետ Սլավիկ Հարությունյանի խոսքն այն մասին, որ ծեծկռտուք չի եղել, ինքը սայթաքել եւ ընկել է, ստացել այդ վնասվածքները: Գագիկ Ծառուկյանի մասով որեւէ զարգացում, ընթացակարգ չկա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն՝ անդրադառնալով Օլիմպավանի միջադեպին: Ոստիկանության տարածած տեղեկության համաձայն՝ «Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը»:
Հիշեցնենք, այդ գործով ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը: Նա կասկածվում է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու մեջ:
Հարցին`ինչպե՞ս եղավ, որ Հարությունյանը փոխեց իր նախնական հայտարարությունը, քանի որ սկզբում ասում էր, թե ծեծել են իրեն, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ այս ամենին ինքը հետեւել է մամուլով ու մամուլից գիտե, որ Սլավիկ Հարությունյանն ասել է, որ եղել է դեղերի ազդեցության տակ, արել առաջին հայտարարությունը, որովհետեւ բազմաթիվ անգամ փորձել է կապվել Գագիկ Ծառուկյանի հետ, բայց չի ստացվել, նիստի ժամանակ էլ դիմել է Գագիկ Ծառուկյանին, հետո առանձնազրույցի խնդրանքով էր դիմել, դա հետաձգվել էր, բարկացել է, աթոռն է շուռ տվել եւ վնասվածք է ստացել:
Հարցին՝ տուժողի նկատմամբ ճնշումներ կամ կաշառելու փորձ չի՞ արվել, Իվետա Տոնոյանը պատասխանեց` ոչ. «Դուք բազմաթիվ հնարավորություն կունենաք զրուցել նրա եւ նրա տիկնոջ հետ»:
Անդրադառնալով ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարությանն էլ, որ ընկնելուց հնարավոր չէր նման վնասվածքներ ստանալ, Իվետա Տոնոյանն ասաց. «Թե ինչո՞ւ է ոստիկանության պետը նման հայտարարությամբ հանդես եկել, երբ դատարանում դեռ քննվում էր Էդուարդ Բաբայանին կալանավորելու վերաբերյալ հարցը, թողնում եմ հանրության դատին»:
Նա հավելեց, որ Էդուարդ Բաբայանի խափանման միջոցը փոխելու հարցով փաստաբանները դիմել են վերաքննիչ դատարան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ