Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, այս պահին իմ տարիքը չի համապատասխանում քաղաքապետի թեկնածու լինելու համար». Թեհմինա Վարդանյան

Հուլիս 11,2018 12:57

«Քաղաքապետի պաշտոնի հավակնություն երբեք չեմ ունեցել, սոցցանցերում տեղի ունեցողը երևի քաղաքացիների որոշակի զանգվածի ցանկությունն էր և անչափ հաճելի»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով իր՝ քաղաքապետի թեկնածու լինելու մասին խոսակցություններին:

Թեհմինա Վարդանյանը, շեշտելով, որ իր առաջադրման վերաբերյալ որևէ պաշտոնական որոշում չի կայացվել, մտահոգություն հայտնեց, որ անգամ այդ պարագայում իր ընկերներից, մտերիմներից շատերը ֆեյքերով սկսել են հարձակում գործել իր նկատմամբ:

Դառնալով այն փաստին, որ ֆեյսբուքում քվեարկություն է անցկացվում իր և Զարուհի Փոստանջյանի թեկնածությունների վերաբերյալ, Թեհմինա Վարդանյանը նշեց, թե չի հետևում այդ քվեարկություններին: Այնուհետև հավելեց. «Տիկին Փոստանջյանի հետ համեմատվելու որևէ ցանկություն չունեմ: Կին, թե տղամարդ քաղաքապետ ունենալն ընտրում է երևանցին: Որևէ մեկը թող չբարձրաձայնի ու հոխորտա, որ մենք ենք որոշում ու ընտրում: Կուսակցությունները կամ դաշինքները առաջադրում են բոլորի համար ընդունելի թեկնածու, հասարակությունն ընտրում է»:

Այն փաստարկներին, թե Թեհմինա Վարդանյանի տարիքային շեմը չի համապատասխանում քաղաքապետի պաշտոնին, «Ելք» խմբակցության անդամը պատասխանեց. «Այո, այս պահին իմ տարիքը չի համապատասխանում քաղաքապետի թեկնածու լինելու համար: Ես սեպտեմբերի 4-ին նոր 30 տարեկան եմ դառնում: Ես այս պահին չեմ համապատասխանում, որպեսզի որպես ավագանու անդամ ընտրվեմ քաղաքապետ: Բայց դա չի նշանակում, որ արտահերթ ընտրությունների ժամանակ չեմ համապատասխանելու»:

Հարցին՝ ի՞նչ ժամկետներում կունենանք քաղաքապետի ընտրություն, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Վաղն ունենալու ենք ավագանու արտահերթ նիստ, որտեղ որոշելու ենք քաղաքապետի ընտրության օրն ու ժամը, որը պիտի լինի 14-30 օրվա ընթացքում: 14 օրվա ընթացքում պիտի լինեն առաջադրումներ, եթե չլինեն, ապա կառավարությունը պիտի կրճատի ավագանու ժամկետը և նշանակի նոր ընտրություններ: Եթե լինի առաջադրում, և նշանակված օրը ընտրություն չկայանա, թեկնածուն կամ թեկնածուները չհավաքեն բավարար թվով ձայներ, ապա կրկին կրճատվելու է ավագանու ժամկետը, և 30-40 օրվա ընթացքում նշանակվելու համաքաղաքային ավագանու ընտրություններ: Ըստ էության մենք ունենք արդեն երկու ժամկետ. 14-30 օր, կամ 30-40 օր: Քաղաքական հայտարարությունների ընթացքում եթե պարզ լինի, որ որևէ առաջադրում չի լինելու, ավելի կանխատեսելի կլինի ընտրության օրը: Դա պիտի լինի կիրակի օր»:

Դավիթ Խաժակյանը շեշտեց՝ քաղաքապետի հրաժարականից հետո 73 օրվանից հետո պետք է նոր քաղաքապետ ընտրվի. «Նախ պետք է հասկանալ, որ կա հնարավորություն ամենակարճ ժամկետում լուծարել ավագանին և ունենալ ավագանու նոր և արտահերթ ընտրություններ, որոնք կարող են տեղի ունենալ սեպտեմբերին: Քաղաքապետի ցենզին համապատասխանող՝ ԵԼՔ-ի յուրաքանչյուր ավագանու անդամ պատրաստ է այդ բեռը ստանձնել»:

Դառնալով չարաշահումներին՝ Դավիթ Խաժակյանն ասաց՝ ակնհայտ է՝ չարաշահումների մեծ դաշտ է եղել. «Միայն Երևան հիմնադրամը չէ: Կան նաև տրանսպորտի համակարգին վերաբերող խնդիրներ: Պիտի պարզաբանվի՝ այն ավտոբուսները, որոնք շահագործման դուրս չեկան, որ չվնասեն իրենց միկրոավտոբուսներին, ի՞նչ եղավ այդ հարցը, կամ ՏարոնՌոբ ՍՊՆ-ն ինչպիսի՞ կապվածություն ուներ քաղաքապետի հետ»:

Հարցին՝ կա՞ մտավախություն, որ նոր Հայաստանում հին մեթոդներով կընտրվի քաղաքապետ, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այլևս հնարավոր է հին որակի ընտրություններ անցկացնել: Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին և ՀՀԿ-ին, կարծում եմ, եթե խոսքը վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ՀՀԿ-ն այդքան ողջախոհություն կունենա և չի առաջադրի քաղաքապետի թեկնածու կամ ավագանու ցուցակ: Ավագանու ՀՀԿ-ի ցուցակը նայելիս հասկանում ես, որ մի մասը մտավորականներ են, որոնք այս բացահայտումների արդյունքում չեն ցանկանում առաջադրվել որպես ավագանու թեկնածու ՀՀԿ ցուցակով, իսկ մնացածը չեմ կածում՝ այնտեղ լինեն հինգից ավել ավագանու անդամներ, որոնք կցանկանան լինել ավագանի: Կարծում եմ ՀՀԿ-ն ողջամտություն կդրսևորի և ուղղակիորեն չի առաջադրվի ավագանու ընտրություններին»:

Թեհմինա Վարդանյանը նաև հավելեց՝ իրենց տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը ՀՀԿ խմբակցության անդամներին պահանջել է, որ որևէ մեկն այս պահին հրաժարականի դիմում չներկայացնի, շարունակեն աշխատել, ինչպես նախկինում են աշխատել՝ մինչև ընտրությունները։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031