Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Վարչական իրավախախտումների համար կիրառված համաներման մասին» օրենքի նախագիծը, ըստ որի, մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ը կատարված վարչական որոշ իրավախախտումների համար կիրառված տուգանքը ներվում է: Համաներումից կօգտվի շուրջ 150 հազար իրավախախտ:
Հայկ Բաբուխանյանը հարցրեց՝ քաղաքացիների հավասարության սահմանադրական սկզբունք կա, ինչքանո՞վ է արդար, որ մարդկանց մի մասը վճարել է տուգանքները, մի մասը չի վճարել եւ այն վճարածները ստացվում է, որ պատժված են, որովհետեւ օրինապաշտ են, վճարել են. «Շատ անգամ եղել են ոչ այդքան արդարացի տուգանքներ, բայց վճարել են, հիմա նրանք, ովքեր վճարել են, ի՞նչ կառաջարկեք՝ որպես սփոփում, կամ արդարությունն ինչպե՞ս պետք է լինի այդ մարդկանց դեպքում»:
Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք է Բաբուխանյանը տար այն ժամանակ, երբ Սահմանադրությունն էր քննարկվում, մասնավորապես, 117-րդ հոդվածով նախատեսված է, որ ՀՀ-ում կառավարության նախաձեռնությամբ կարող է կիրառվել համաներում. «Սա շատ հին իրավական վեճ է՝ արդյոք համաներում կիրառելով՝ չի՞ խախտվում հավասարության սկզբունքը: ԵԽ-ն ունի բանաձեւ, հանձնարարական, որով նախատեսվում է, որ այդ համաներումը պետք է ունենա որոշակի չափանիշներ, որ չխախտվի սկզբունքը: Տվյալ դեպքում նախագիծը համապատասխանում է համաներման ներկայացվող պահանջներին»:
Բաբուխանյանը սկսեց բողոքել. «Մարդու պետհամարանիշը ընկել է, չի նկատել, տուգանել եք 200 հազար, մարդը թոշակառու է, որտեղի՞ց տա այդ 200 հազարը»: Նա առաջարկեց, որ եթե միտումնավոր չեն մեքենայի վրայի հաշվառման համարանիշը հանած երթեւեկել, այդ մարդկանց տուգանքների համար նախատեսեն 50 տոկոսանոց համաներում:
Նախարարը պատասխանեց, որ նման դեպքերի պարագայում ընդհանրապես վարչական ակտ չպետք է կայացվի, եթե կիրառվել է, դատական կարգով կարող է անվավեր ճանաչվել: Այդպիսի դեպքերի համար համաներում չեն կարող նախատեսել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ