Հուլիսի 11-ին տեղի կունենան Հայաստանի գրողների միության համագումարն ու միության նախագահի ընտրությունները։ Միության նախագահի պաշտոնում, սակայն, որքանով հայտնի է, բացի ներկայիս նախագահ Էդվարդ Միլիտոնյանից ոչ ոք չի առաջադրել իր թեկնածությունը։ Այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գրողների միության պաշտոնաթերթ համարվող «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանի հետ։
– Միության ներսում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ թավշյա հեղափոխության ժամանակ միությունից թույլ չեն տվել, որ հրապարակվի միության անդամ այն գրողների անունները, որոնք սատարել են շարժումը։ Ձեզ նման տեղեկություն հայտնի՞ է։
– Ոչ։ Ես կարող եմ խոսել միայն որպես «Գրական թերթի» խմբագիր։ Երբ շարժումը նոր էր սկսել, ես կոլաժ սարքեցի, գրեցի «Սա դեռ սկիզբն է…»։ Դրանից հետո թեմայի շուրջ բազմաթիվ հոդվածներ են տպվել։ Մեր գրողներից շատերն այդ օրերին հրապարակում էին։ Իսկ ովքեր չէին կարող հրապարակում գտնվել, միեւնույն է, իրենց աջակցությունն էին հայտնում։
Սուրեն Մուրադյանը, ով 90-ն անց է, վարչության նիստի ժամանակ գրություն էր բերել եւ նշել, թե ինչպես է աջակցում հեղափոխությանը։ Դա տպվեց թերթում։ Միլիտոնյանը միշտ ասում է՝ Գրողների միության 400-ից ավել անդամներից ամեն մեկն իր հայացքն ունի, ամեն մեկն իր սկզբունքի տերն է։ Համենայն դեպս, ես՝ որպես «Գրական թերթի» խմբագիր, երբեք ճնշումների չեմ ենթարկվել։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում