2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի մասի գործով հերթական դատական նիստում այսօր պաշտպանական կողմից ներկայացվեց մեղադրյալներից Մխիթար Ավետիսյանին կալանքից ազատելու միջնորդություն: Նրա շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատավոր Մեսրոպ Մակյանին տեղեկացրեց, որ անձնական երաշխավորագիր են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանը: Նրանք այսօր պետք է ներկայանան դատարան եւ հաստատեն երաշխավորությունը, ինչի համար նիստն ընդմիջվեց:
Ամբաստանյալներից ազատամարտիկ Պավել Մանուկյանը բողոք հղեց ներկայիս իշխանություններին՝ դժգոհելով դատաքննության այսպիսի ընթացքից: Դատավոր Մեսրոպ Մակյանը չհամաձայնեց: «Դժգոհ եք, որ ձեր ընկերներին կալանքից ազատո՞ւմ են…դատավարության կարգն է այդպիսին»,-ասաց նա՝ նկատի ունենալով, որ պետք է սպասել պատգամավորներին: Ապա Պավել Մանուկյանը դժգոհեց, որ իրենք արժանի չեն նման վերաբերմունքի, որ չեն խուսափի արդար դատաքննությունից. «Մենք ազգի զինվորներ ենք: Ես երկու անգամ թուրքական բանտ եմ նստել: Ոչ դոլարով են կարողացել ինձ առնել, ոչ էլ ռուբլիով: Հիմա էլ չեն կարող առնել»: Նկատենք՝ վերջերս Պավել Մանուկյանը հայտարարել էր, որ «Սասնա ծռերը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին են:
https://www.facebook.com/aravot.am/videos/2073133856038452/
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու, շենք-շինություններ զավթելու, պատանդառություն կատարելու մեղադրանքից բացի, խմբի անդամներից երկուսին՝ Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին նաեւ ոստիկանների սպանության մեղադրանք է առաջադրված:
Ապա խմբի անդամներից Արայիկ Խանդոյանը շնորհավորեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին՝ ծննդյան օրվա առթիվ. «Առողջ լինես, ախպեր ջան, մեր գլխից անպակաս»: Շնորհավորանքին միացավ Պավել Մանուկյանը՝ Սեֆիլյանին անվանելով զորավար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ