«Ինձ վարկաբեկել փորձող անձը միաբջիջ մարդ է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Ալիկ Սարգսյանը մանրամասնեց, թե ինչո՞ւ է ինքը դիմել Հատուկ քննչական ծառայություն: Ըստ այդմ, 2008-2010 թվականներին, Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Վարդգես Հովակիմյանը փորձում է շանտաժի միջոցով իրենից գումար կորզել: Վարդգես Հովակիմյանը, հիշեցնենք, ՀՀԿ կենտրոնական գրասենյակ նամակ էր ուղարկել, որ դեռեւս ոստիկանապետի պաշտոնում Ալիկ Սարգսյանն իր նկատմամբ շինծու մեղադրանք է ներկայացրել եւ քրեական գործ հարուցել` իր ունեցվածքին տիրանալու նպատակով։
«Ոչ մեկը թող չփորձի իր անունը բերել, համադրել ինձ հետ: Արեք իմ ծննդավայր եւ հարցրեք, թե ո՞վ՝ ով է: Ես մաքուր մարդ եմ, մաքուր եմ ապրել ու իմ խիղճը հանգիստ է, որեւիցէ օրենքի առջեւ պատասխան տալու խնդիր ես չունեմ: Իմ բոլոր արարքների համար պատասխանատու եմ»,- ասաց նա։
Ալիկ Սարգսյանն ասում է, որ մինչեւ հիմա պարզապես լուրջ չի վերաբերվել այդ ամենին, հիմա, հասկացել է, «մարդիկ վարկաբեկելու խնդիր ունեն, իսկ ես կորցնելու ոչինչ չունեմ»: Ասում է` զրպարտությունը զուր փորձ է, քանի որ ինքը երբեք ոչինչ չի թաքցրել, այդ թվում իր ունեցած սեփականությունը. «Ես բազմաթիվ անգամ ասել եմ, նորից կրկնում եմ՝ ես արժանավայել կյանքով եմ ապրել, իմ ամբողջ աշխատանքային ուղին մաքուր եւ անբիծ է անցել։ Ես զբաղվել եմ իմ գործով։ Ինչ կարողություն ունեմ՝ դրա համար համապատասխան բացատրություն եւ արդարացում ունեմ»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանի եւ նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի վեճը տարիների պատմություն ունի: Վարդգես Հովակիմյանը նախկինում քանիցս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պաշտոնանկությունից հետո, 2011 թվականին, նրան մեղադրանք է առաջադրվել` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի դրդելու եւ պաշտոնեական անփութություն կատարելու համար: Այն ժամանակ այդ ամենում Վարդգես Հովակիմյանը կրկին Ալիկ Սարգսյանին էր մեղադրում: Գործը հասավ դատարան: Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը արդարացման վճիռ կայացրեց Վարդգես Հովակիմյանի նկատմամբ: Վերջինս Ալիկ Սարգսյանին մեղադրում էր նաեւ իր որդու հետ տարիներ առաջ տեղի ունեցած սկանդալային պատմության համար: Վարդգես Հովակիմյանի որդուն ծեծի էին ենթարկել, հարսանիքի ժամանակ մի աղջկա ծաղիկ նվիրելու համար: Ավելի ուշ քրգործ էր հարուցվել, մարզպետի ծեծված որդին մեղադրյալ էր այդ գործով: Հետագայում նախկին մարզպետի որդին սույն գործով ի վերջո ճանաչվեց տուժող:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ