Զարմանալի չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հանրությանը փորձում է հավաստիացնել, թե Հայաստանում Սերժ Սարգսյանի հեռացմանն իր «մատն էլ է խառը»: Սա իհարկե շատերը կբնորոշեն իբրև պաթոլոգիա, ու թերևս շատ չեն սխալվի, սակայն, ըստ երևույթին, գործ ունենք ոչ միայն պաթոլոգիայի հետ: Թեև դա էլ բավարար է զգոնությունը բազմապատկելու համար, որովհետև պաթոլոգիկ անձից հնարավոր է սպասել ամեն ինչ: Մյուս կողմից, սակայն, Ալիևն անշուշտ խելագար չէ, այլապես նրա հարցերը լուծված կլինեին վաղուց, քանի որ Ադրբեջանը չափազանց կարևոր տարածաշրջանում է և, ըստ այդմ, կարևոր է առնվազն այնքան, որ նրան թույլ չտրվի ունենալ պաթոլոգիայի ցանցն ընկած նախագահ:
Պարզապես Ալիևը դիվանագիտական ցանցում է, որտեղ ավելի է խճճվել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից և փաստացի շարունակվող գործընթացից: Այդ ամենը իհարկե դեռ սկզբնական փուլում է և քիչ թե շատ ամփոփիչ արդյունքի մասին եզրակացության համար պետք է ժամանակ, սակայն հստակ է, որ ընթացքը կայուն է, բավարար արդյունավետությամբ և հետևողականությամբ, ինչը քայլ առ քայլ տանում է Հայաստանի կառավարման էֆեկտիվության բարձրացման, միաժամանակ բարձրացնելով նաև միջազգային հեղինակությունը, վարկը:
Իսկ վերջին տարիներին, թեև ըստ էության գործնականում միշտ, Ալիևի կամ Ալիևների «դաշնակիցը» Հայաստանում եղել է անարդյունավետ կառավարումը, գանձագողությունը, դրա հետևանքով հանրության մեջ ապագայի հանդեպ վստահության նվազումը, դրա հետևանքով անարդարության, աղքատության պատճառով Հայաստանից հեռանալու տոտալ ցանկությունը, ահռելի արտագաղթը: Այդ ամենը գրեթե երկու տասնամյակից ավելի տարբեր դրսևորումներով ու մետամորֆոզներով եղել է Հայաստանում Ադրբեջանի «դաշնակից», ինչը, սակայն, թավշյա հեղափոխությամբ ստացել է ահռելի հարված:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում