Լրահոս
Օրվա լրահոսը

Երթեւեկության խախտումներ արած 150 հազար անձանց տուգանքը ներվում է. կան բացառություններ

Հուլիս 11,2018 12:12

Այսօր ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց Վարչական իրավախախտումների համար կիրառված համաներման մասին օրենքի նախագիծը, ըստ որի, մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ը կատարված վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքը ներվում է: Սակայն կան բացառություններ, եթե այդ տուգանքը կիրառվել է եւ կապված է հանցագործություն կատարածի այնպիսի ոչ իրավաչափ վարքագծի հետ, ինչն առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակել եւ այդ փաստի առթիվ իրականացվել է քրեական վարույթ, կա դատական ակտ եւ կամ արդարացման դատավճիռ չի կայացվել:

Նախագծով սահմանվում է, որ համաներում է լինելու մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ը ճանապարհային երթեւեկության անվտանգության բնագավառի վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ: Կներվի շուրջ 13.7 մլրդ դրամի չափով գումար, վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150 հազար անձինք:

Զեյնալյանն ասաց, որ բացառություններ կան նաեւ այս դեպքում: Բացառություն են առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր ու կապույտ լուսային ազդանշանով  առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ տեղադրածները, նրանք, ովքեր կեղծ պետհամարանիշով կամ առանց պետհամարանիշի են երթեւեկել, իրենց հաշվառման համարանիշը ուրիշի տվողները, նրանք, ովքեր դեղին հատուկ համարանիշները ուղեւորափոխադրում իրականացնելուց հետո չեն հանձնել, նրանք, ովքեր հարբած կամ ոչ սթափ վիճակում մեքենա են վարել, առանց ԱՊՊԱ-ի կտրոնի երթեւեկել են, ոստիկանի «կանգ առ» հրահանգին չեն ենթարկվել:

Այսինքն, հնարավորինս «անշառ» խախտումների տուգանքներն են միայն ներվում: Նախարարն ասաց, որ մարդիկ, որոնք չեն վճարել տուգանքները, իրենց հաշիվների վրա կալանք է դրված, ու կառավարությունը մտադիր է այս ոլորտում լուրջ բարեփոխումներ անել. «Հաշիվների վրա կալանքի պատճառով քաղաքացիները չէին կարողանում վարկեր ստանալ: Այս համաներումը բավականին կբարելավի մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական վիճակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031