Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներից է, որն աշխատանքի բերումով հեռուստատեսությունը ներսից գիտի։ «Խայտառակ վիճակում էր հեռուստատեսության եւ ռադիոյի շենքն իր բակերով, արխիվով հանդերձ, ջրերի մեջ էր, իմ աչքով տեսածն եմ ասում։ Այն, ինչ արեցին Ռուբեն Ջաղինյանն ու Մարգարիտ Գրիգորյանն իրենց պաշտոնավարման շրջանում, հսկայական գործ էր։ Պետք է առնվազն խիղճդ կորցնես, որպեսզի դա չտեսնես, ե՛ւ շենքային պայմանների մասին է խոսքս, ե՛ւ տեխնիկայի, ե՛ւ ստեղծագործական եթերի մասին»,- ասում է նա ու նկատում, որ, ի տարբերություն խորհրդի մյուս անդամների, ինքը որեւէ ձեւով կապված չէ Հ 1-ի հեռուստաեթերի հետ, չունի ոչ մի հեղինակային հաղորդում, թեեւ առաջարկներ եղել են։
Այն, որ Հանրային հեռուստաընկերությունում կատարված չարաշահումների փաստով քրեական գործ է հարուցվել, Մերուժան Տեր-Գուլանյանի համար անակնկալ է եղել. «Մի խնդիր կա, ես շատ կուզենայի, որ ե՛ւ դատախազությունը, ե՛ւ մասնավոր անձինք, որոնք նեղված են հեռուստատեսության այսօրվա ղեկավարությունից, որովհետեւ ծրագրեր են ունեցել, փակվել են դրանք եւ այլն, նեղվածությունը՝ նեղվածություն, բայց խիղճը՝ խիղճ։ Ով քիչ թե շատ առնչվել է հեռուստատեսությանը եւ ռադիոյին, պիտի հստակորեն տեսած լինի, որ իսկապես հսկայական բան է փոխվել դեպի լավը։ Այդպիսի մեծ փողեր ծախսել այսպիսի մեծ շինարարության, տեխնիկայի վրա, նման պարագայում կարող են եւ վրիպակներ լինել, բայց ես չեմ ուզում հավատալ չարաշահումներին եւ ոչ միայն չեմ ուզում, այլ նաեւ չեմ հավատում, որ չարաշահումներ տեղի են ունեցել»։
Նա հաստատում է՝ երկրում իրավիճակ է փոխվել, եւ նոր իշխանությունները հրաշալի բացահայտումներ են անում, եւ լավ է, որ արվում է այդ ամենը, բայց. «Մի բանի համար տխուր եմ, սակայն, հենց մեր հեռուստատեսության առումով, մեծ բացահայտումները՝ այո, սակայն փոքրիկ բացահայտումները՝ մի դպրոցի տնօրեն մի պահակ ավել է պահել եւ այլն, դա հեռուստատեսությամբ հնչելու բան չէ։ Պատժեք այդ մարդուն, թող փողը հետ բերի տա։ Հակառակ դեպքում ստացվում է այնպես, որ ազգովի գող ենք. սա արդեն վատ բան է։ Այդ մանր բաները, կարծում եմ, իմաստ չունի ցույց տալու, թեկուզ հենց մեր ալիքով»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում