Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորի մանդատ ստացած Հրանտ Դավթյանը երդվեց ու ստացավ շնորհավորանքներ գործընկերներից:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանդես եկավ առաջարկությամբ՝ մի շարք օրենքների նախագծեր, որոնք քննարկվելու են արտահերթ նիստում, երկրորդ ընթերցումը կազմակերպել 24 ժամվա ընթացքում:
Մինչ կանցնեին օրակարգի հարցերի քննարկմանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մտահոգություն հայտնեց, որ օրակարգի երկու հարցերը ՀՀ-ԵՄ միջեւ կնքված «Ստեղծարար Եվրոպա» համաձայնագիրն ու Եվրասիական տնտեսական միության համաձայնագրի հետ կապված փոփոխությունների հարցը չի քննարկվել իրենց գլխադասային հանձնաժողովում. «Այսօր առավոտյան հանձնաժողովում նշանակված նիստում քվորում կար, փոխնախարարները կային, բայց քննարկվող հարցերը չկային: Պարզվում է՝ հրավիրելով արտահերթ նիստ՝ կառավարության աշխատակազմը չի բարեհաճել ժամանակին առաքել այս երկու նախագծերը ԱԺ եւ այդ երկու հարցերը այս պահի դրությամբ չեն ենթարկվել քննարկման եւ կարծիք չկա»: Հանձնաժողովը որոշել է, որ նիստը տեղափոխի կեսօրին, որ հասցնեն քննարկել: Նա հորդորեց, որ ժամանակին եւ որակով կատարի կառավարությունն իր գործը եւ նախագծերն ուղարկի խորհրդարան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ