Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը Հայաստանում կհիմնի գիտահետազոտական կենտրոն

Հուլիս 11,2018 11:07

Հուլիսի 7-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսը: Նպատակն էր ցուցադրել ոլորտի վերջին ձեռքբերումներն ու քննարկել գլոբալ զարգացումները, ինժեներական կրթության եւ գործարար միջավայրի մարտահրավերները:

Ինժեներական եւ բարձր տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային համաչափ զարգացմանը միտված համաժողով-ցուցահանդեսին ներգրավված էր ավելի քան 300 մասնակից՝ պետական, գիտահետազոտական, կրթական, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ ու կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի հայաստանյան եւ արտասահմանյան ներկայացուցիչներից:

«Այս տարի ցուցահանդեսն առանձնացավ նրանով, որ ունենք մեծ քանակությամբ հյուրեր, ի տարբերություն նախորդ տարվա, որոնք Հայաստանը դիտում են որպես հետազոտությունների կենտրոն: Եվ այցելել են ինժեներական ֆորում՝ ներկայացնելու իրենց խնդիրները, փնտրելու եւ գտնելու գործընկերներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ցուցահանդեսին մասնակից ընկերությունները կարեւորում են ֆորումի անցկացումը: Ասում են՝ նմանօրինակ ցուցահանդեսներն իրենց առջեւ նոր ճանապարհներ ու դռներ են բացում. «Ցուցահանդեսը կարեւոր է, որպեսզի հասարակությունը, նաեւ պետական պաշտոնյաները կարողանան կարծիք կազմել, իմանալ՝ ինչ է կատարվում հայաստանյան ընկերություններում: Իսկ մեր՝ ընկերություններիս համար, եւս մեկ հնարավորություն է շուկայում ներկայանալու: Մենք գրեթե բոլոր ցուցահանդեսներին մասնակցում ենք, և սպասելիքները մեծ են»,- ասում է ֆորումի մասնակից «Լոկատոր» ընկերության ներկայացուցիչ Արգիշտի Ավետիքյանը:

Ֆորումին իր մասնակցությունն ունեցավ նաեւ ծխախոտի արտադրության ոլորտում առաջատար «Ֆիլիպ Մորրիս» ընկերությունը, որը բիզնեսը փոխակերպում է տեխնոլոգիական ու գիտահետազոտական ուղղություններով: Հանդիպման ընթացքում ընկերության ապրանքագիտական եւ մտավոր սեփականության գծով տնօրեն Լուկա Ռոսսին խոսեց իրենց գործունեության մասին, այն է՝ ընկերությունը ձգտում է հնարավորինս արագ սիգարետը փոխարինել գիտականորեն հիմնավորված առանց ծուխ արտադրանքով։ Ռոսսին տեղեկացրեց. «Երկու տարի առաջ մենք բացահայտեցինք մեզ համար Հայաստանը՝ գիտական ու տեխնոլոգիական զարգացման ավանդույթների ու ներուժի առումով։ Եվ ահա մենք այստեղ հետազոտություններ ու մշակումներ իրականացնող կառույց հիմնելու ընթացքի մեջ ենք եւ աջակցում ենք երկրի ամենատաղանդավոր ուսանողների համար գիտական կրթություն խրախուսող էկոհամակարգի զարգացմանը»:

Ներկայումս Ֆիլիպ Մորրիս ընկերությունն աշխարհում ունի գիտահետազոտական երկու կենտրոն, որոնք տեղակայված են Շվեյցարիայում եւ Սինգապուրում: Գնահատելով Հայաստանի գիտահետազոտական եւ տեխնոլոգիական ներուժը՝ ընկերությունը մտադրություն է հայտնել Հայաստանում բացել գիտահետազոտական կենտրոն։

«Բացի ֆիզիկապես կենտրոն բացելուց, մենք նպատակ ունենք նաեւ Հայաստանում աջակցել կրթության զարգացմանը, որպեսզի ապահովենք գիտության վերարտադրողականությունը: Դա ենթադրում է աջակցություն մագիստրոսական, ասպիրանտական ծրագրերին, ինչպես նաեւ աջակցություն վաղուց գիտությամբ զբաղվող գիտնականներին՝ իրենց գիտական նախագծերի շրջանակներում», – ասում է ընկերության Կորպորատիվ հարցերով հաղորդակցության գործադիր Տաթեւիկ Հովհաննիսյանը:

Համաժողովի կազմակերպիչները բարձր են գնահատում ընկերության մասնակցությունը ֆորումին եւ այն, որ ընկերությունը պատրաստվում է Հայաստանում հիմնել գիտահետազոտական կենտրոն: «Ֆիլիպ Մորրիսը լուրջ հետազոտական ծրագրեր է իրականացնում՝ ճարտարագիտության, քիմիայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի ուղղությամբ: Մեկ տարի առաջ ընկերությունը բացահայտեց Հայաստանը, եւ հիմա այստեղ՝ Պոլիտեխնիկական համալսարանի տարածքում, հիմնում է հետազոտական կենտրոն: Ընկերությունը նաև աջակցելու է հայ տաղանդավոր մագիստրանտներին եւ ասպիրանտներին: Ես կարծում եմ, որ Ֆիլիպ Մորրիսը լուրջ խթան կհանդիսանա Հայաստանում գիտության զարգացման համար»,- ասում է Բագրատ Ենգիբարյանը:

Ամբողջ աշխարհում Ֆիլիպ Մորրիսը մի շարք գիտական ուղղություններում համագործակցում է ավելի քան 400 աշխարհահռչակ գիտնականների, ինժեներների ու փորձագետների հետ. «Այսօր այստեղ մենք ներկայացնում ենք, ոչ թե արտադրանք, այլ ավելի շատ ներկայացնում ենք զարգացման ուղղությունները, որտեղ կարող են հայ գիտնականները, ինժեներները մեզ հետ համագործակցել: Այսօր մենք եկել ենք ուրիշներին նայենք, որովհետեւ հավատում ենք Հայաստանի տեխնոլոգիական ապագային»,- ասում է Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Կորպորատիվ հարցերով, գիտական համագործակցության ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյանը:

Ինժեներական երկրորդ համաժողով-ցուցահանդեսին իրենց արտադրանքն ու ծառայությունները ներկայացրեցին ավելի քան 35 տեղական եւ միջազգային կազմակերպություններ: Ինժեներական համաժողով-ցուցահանդեսը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» կողմից: Աջակցում են ՀՀ կառավարությունը, Եվրոպական միությունը, Ֆիլիպ Մորրիսն ու մի շարք այլ կառույցներ:

«Ես կրթության նախարարության կողմից հայտարարեցի, որ պատրաստ ենք գործուն աջակցություն ունենալ նման միջոցառումների կազմակերպմանը, ոչ թե աջակցել, այլ կազմակերպել: Որովհետեւ մեզ համար էլ այս կարգի ֆորումները կարեւոր են նրանով, որ ամփոփում ենք արված աշխատանքը, վեր ենք հանում խնդիրները եւ դրանք լուծելու ծրագրեր ենք առաջ քաշում: Եվ կարեւոր է, որ դա անենք հենց ոլորտի մասնակիցների հետ»,- ասում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում եւս կարեւորում են ֆորումի իրականացումը: Նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանն ասում է, որ այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ տեղական ընկերությունները ձեռք բերում միջազգային ընկերությունների փորձը. «Շատ կարեւոր է նաեւ կրթական մասը, որովհետեւ ոչ մի միջազգային ընկերություն չի գալիս մի երկիր, որտեղ չկան ուժեղ մասնագետներ: Այս առումով մենք ԿԳՆ-ի եւ այսպիսի կառույցների դերն ու նշանակությունը չենք կարող թերագնահատել: Դրանք նպաստում են նրան, որ մենք կարողանում ենք մոդայիկ սարքել ինժեներական ճյուղը, եւ նշել, որ մենք ունենք բավարար տաղանդ, որպեսզի այդ միջազգային ընկերությունները գան եւ այստեղ բացեն իրենց ներկայացուցչությունը»:

Իսկ կազմակերպիչները խոստանում են՝ համաժողովը լինելու է ամենամյա:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031