Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Սմբատյան․ «Հայոց Ցեղասպանությունը քաղաքականության հարց չէ՛, դա համամարդկային խնդի՛ր է»

Հուլիս 11,2018 10:26

Իսրայելի պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրոֆ․ Արմեն Սմբատյանը (նստավայրը՝ ք.Երևան) հուլիսի 2-ին իր հավատարմագրերը հանձնել է Իսրայելի նախագահ Րեուվեն Րիվլինին։

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից անմիջապես հետո կայացել է ՀՀ դեսպանի առանձնազրույցը Իսրայելի նախագահի հետ, որի սկզբում պրն․Րիվլինը շնորհավորել է դեսպան Սմբատյանին նշանակման կապակցությամբ, և հաջողություն մաղթելով նրան իր առաքելության իրականացման մեջ, նշել, որ պրն Սմբատյանի նախկին մեծ փորձն ինչպե՛ս դիվանագիտության, այնպե՛ս էլ այլ բնագավառներում՝ պետական կառավարում, մշակույթ օգտակար կլինի ամենատարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց Իսրայելի նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրեց, որ ինքն իր առաքելության ընթացքում ջանք չի խնայի՝ հայ-իսրայելական հարաբերությունների հետագա զարգացմանն իր նպաստը բերելու հարցում:

Կողմերն ընդգծեցին փոխշահավետ համագործակցությունն առաջ մղելու համար առկա ներուժը՝ կարևորելով երկու երկրների միջև համագործակցության զարգացումը:

Ըստ պաշտոնական աղբյուրների, զրույցի ընթացքում դեսպան Սմբատյանը նախագահ Րիվլինին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ մեր երկրի մոտեցումները, Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցման գործընթացները: Անդրադարձ կատարվեց նաև Իսրայելի հայ համայնքին, տարածաշրջանային գործընթացներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին։

Մեզ հետ հեռախոսազրույցում դեսպան Արմեն Սմբատյանը ընդգծեց, որ իսրայելական տարբեր շրջանակներից կողմից «հսկայական հետաքրքրություն» կա Հայաստանի հանդեպ:

Նշենք, որ դեսպան Սմբատյանին ուղեկցել է իր տիկինը՝ տաղանդավոր արվեստագետ Ելենա Ա․Սմբատյանը։
***

Իսկ «The Jerusalem Post»-ի հոդվածում՝ «Հրեական ժողովուրդը չի կարող անտեսել «հայերի տառապանքը», ասում է Իսրայելի նախագահը» վերտառությամբ նշվում է, որ, զգուշավոր լինելով, որ հանկարծ չօգտագործի «ցեղասպանություն» բառը, Րիվլինն ասաց, որ լինելով թե՛ Երուսաղեմի քաղաքային խորհրդի անդամ, և թե՛ Կնեսետի անդամ, նա հաճախ է արտահայտել այն կարծիքը, որ հրեաները, ովքեր այդքան շատ են տառապել, չեն կարող անտեսել մեկ այլ ժողովրդի տառապանքը:

Ըստ հոդվածի, նա ասել է, որ երբ հայերը եկել են Երուսաղեմ «սարսափելի ողբերգությունից հետո, որը նրանք վերապրել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ», նրանց ջերմորեն ողջունեցին հրեա բնակիչները:

Րիվլինն ասաց, որ ինքը հավատում է, որ «հայկական աղետը» պետք է դիտարկել ո՛չ թե քաղաքական, այլ պատմակա՛ն տեսանկյունից։

Մեկնաբանելով Հոլոքոստը, Սմբատյանն էլ նշել է, թե դա մի մարտահրավեր է Իսրայելի համար՝ ապահովել, որ նման կործանարար աղետը երբեք այլևս չպարտադրվի ո՛չ հրեա, ոչ էլ հայ ժողովրդին, նշվում է հոդվածում։

«Նա տեսավ հայերին և հրեաներին հստակ միավորող բնորոշիչ գիծը՝ այն է մարդկային ոգին և վերապրելու կամքը», շարունակում է հոդվածագիրը։

«Մենք խոսում ենք Հայաստանի նկատմամբ կատարված Ցեղասպանության մասին, բայց դա քաղաքական խնդիր չէ՛», ասաց դեսպան Սմբատյանը, շարունակելով, որ «դա համամարդկային խնդիր է»:

Ընդունելով անցյալը հիշելու կարևորությունը, Րիվլինն ասաց, որ ավելի կարեւոր է
ապրել ապագայի համար»:

Պատրաստեց Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031