Այն վիճակում, որում գտնվում է մեր երկիրը, դիվանագիտական ծառայությունը ձեռք է բերում նույնքան մեծ նշանակություն, որքան զինվորականը: Կարծում եմ՝ կարիք չկա զարգացնելու այս թեզը՝ ժամանակակից պատերազմը, ինչպես հայտնի է, չի սահմանափակվում բուն մարտական գործողություններով: Պարզ է նաեւ, որ այդ հարցում կարեւոր են ոչ միայն հայեցակարգերը, մոտեցումները, ծրագրերը, այլեւ կադրերը: Այս հարցում Հայաստանում, մեղմ ասած, ամեն ինչը չէ, որ հարթ է եղել:
Ընդհանրապես, դեսպաններ, հյուպատոսներ, պատվո հյուպատոսներ եւ դիվանագիտական այլ պաշտոնյաներ նշանակելու երեք հիմնական տարբերակներ կան՝ լավագույնը, վիճահարույցը եւ շատ վատը: Լավագույնը պրոֆեսիոնալներին նշանակելն է, մարդկանց, որոնք թե՛ իրենց կրթությամբ եւ թե՛ մտածողությամբ նպատակաուղղված են պետությանը ծառայելուն՝ անկախ իշխանության բնույթից, ռեժիմից եւ այլն: Վիճահարույց են քաղաքական նշանակումները՝ եթե մարդը իշխող քաղաքական թիմից է, կարող է միանգամայն նվիրված լինել պետական գործին, բայց չունենա մասնագիտական հմտություններ եւ հեռանա ասպարեզից իշխանափոխությունից հետո: Նման պրակտիկա գոյություն ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ շատ ավելի զարգացած երկրներում, օրինակ՝ Միացյալ Նահանգներում, եւ ասել, որ այնտեղ դիվանագետների բոլոր քաղաքական նշանակումները իդեալական են, խիստ չափազանցություն կլիներ: Դրան հակադրվում է զուտ պրոֆեսիոնալ բրիտանական դիվանագիտական ծառայությունը, որը, ինչպես հայտնի է, դարավոր ավանդույթներ ունի:
Ամենավատ տարբերակը, այսպես ասած, «տնտեսական» նշանակումներն են: Մարդը տվյալ երկրում բիզնես է անում եւ ձեռքի հետ զբաղեցնում է դիվանագիտական այս կամ այն պաշտոնը: Առաջին հայացքից դրա մեջ կան դրական կողմեր՝ նա Հայաստան պետությունից փող չի ուզում, նույնիսկ կարող է իր գրպանից գումարներ ծախսել ինչ-ինչ լոբբիստական աշխատանքների վրա: Բայց այդ դրական կողմերը ի չիք են դառնում, եթե հաշվի առնենք, որ այդ գործարարները կենտրոնացած են իրենց բիզնեսի վրա, եւ օտար երկրում այդ բիզնեսի եւ Հայաստանի պետական շահերի միջեւ կարող են հակասություններ լինել: Այդ «տնտեսական» մոտեցումն է բերել նրան, որ Սոչիում ապրող եւ կասկածելի վարկ ունեցող մեր հայրենակիցը դառնում է Հայաստանի արտգործնախարարի խորհրդական: Հաճախ նման գործարարների համար դիվանագետի վկայականը պարզապես գործիք է բիզնեսն ավելի լավ կազմակերպելու համար:
Այնպես որ՝ ավելի է լավ հատկապես դեսպանների պաշտոններում լինեն պրոֆեսիոնալներ: Իհարկե, լինում են նաեւ բացառություններ: Մեզ համար այդպիսի բացառություն է Շառլ Ազնավուրը: Բայց նա ամեն ինչում է բացառիկ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Մեզ համար այդպիսի բացառություն է Շառլ Ազնավուրը:»
Ձեզ/քեզ համար՝ այո, բայց մեզ/ինձ համար՝ ոչ:
Քաղաքացիական օդաչուի պաշտոնում բացառության կարգով նստացնենք սիրողական մակարդակի օդաչուի, կարծում եմ այդ օդանավը ոչ ոք չի նստի, դիվանագիտական պաշտոնը նման բարդ ու պատասխանատու պաշտոն է: Սիրողականությունը լավ է նոր գաղափարներ արարելու համար, որոնց իննսուն հինգ տոկոսը սխալ դուրս կգա, բայց մնացած հինգ տոկոս ճշտի գոյության համար պետք են այդ մեծաքանակ սխալները, իսկ մասնագիտական պաշտոններում սխալները բացառվում են: