Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակից խուսափած եւ հետախուզման մեջ գտնվող երիտասարդները պետք է ՀՀ ոստիկանությանը տեղյակ պահեն, որ գալիս են

Հուլիս 11,2018 15:00

Որպեսզի սահմանակետերում խնդիրներ չունենան

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ զինծառայությունից խուսափած, արտերկրում գտնվող որոշ երիտասարդներ վերադառնում են Հայաստան` զորակոչվելու բանակ: Հիմնական հոսքը ԱՊՀ երկրներից է եւ Ռուսաստանի Դաշնությունից: Երկու օր առաջ նույն նպատակով Ռոստովից Հայաստան պետք է մեկներ մի երիտասարդ: Եվ քանի որ երիտասարդը բանակից խուսափելու համար հետախուզման մեջ է եղել, Ռոստովի օդանավակայանում նրան բռնել են: Եվ մինչ հայկական կողմի հետ կպարզեն, թե ինչ նպատակով է տղան հետախուզվում, ինքնաթիռը թռել է առանց այդ ուղեւորի: Թռիչքից ժամեր անց են զինակոչիկին բաց թողել, սակայն հաջորդ թռիչքի համար նա ավիատոմսի գումար չի ունեցել: Պետք է սպասի՝ մինչեւ որ հարազատները նոր ավիատոմս գնեն: Ի դեպ, տղան մեկ այլ` հեռավոր բնակավայրից է Ռոստով եկել, եւ մինչեւ հաջորդ թռիչքը օդանավակայանում պետք է սպասի, հնարավոր է եւ օրեր:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 26-ին կոչով դիմել էր արտերկրում գտնվող եւ բանակից խուսափած զորակոչիկներին` վերադառնալ եւ ծառայել` վստահեցնելով, որ նրանք կազատվեն քրեական պատասխանատվությունից: Կառավարության նիստում վարչապետը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին հանձնարարեց ապահովել նրանց անխոչընդոտ ժամանումը: Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր որդուն` Աշոտին, որը պետք է ամառվա զորակոչին ծառայության մեկներ բանակ։ Երեկ Աշոտը մեկնեց:

Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ 90 երիտասարդ արդեն վերադարձել է: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին վարչության երկրորդ բաժնի պետ Խաչիկ Մուրադյանը: Պարոն Մուրադյանից հետաքրքրվել էինք, թե ինչպես պետք է կազմակերպել երիտասարդների վերադարձը, որպեսզի նրանք Ռուսաստանի սահմանին էլ խնդիրներ չունենան, ֆինանսական վնասներ չկրեն:

Ըստ Խաչիկ Մուրադյանի՝ երիտասարդների վերադարձը, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնությունից եւ ԱՊՀ երկրներից, եղել է անխոչընդոտ:

Մատնանշելով Ռոստովի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը՝ պարոն Մուրադյանին հարցրինք, թե կա՞ հատուկ ընթացակարգ, որ վերադառնալուց առաջ բանակից խուսափած երիտասարդները պետք է անցնեն, նոր միայն գան:

Խաչիկ Մուրադյանի խոսքով՝ երիտասարդները պետք է վերադառնալուց առաջ տեղյակ պահեն, որպեսզի տվյալ տարածքային ստորաբաժանումը, որը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, կարողանա պատշաճ գրավոր տեղեկությունները հայտնել համապատասխան` ենթադրենք, օդանավակայանը սպասարկող գծային ոստիկանության բաժնին, մարզային տրանսպորտային վարչությանը, որպեսզի նրան թողնեն անխոչընդոտ վերադառնալ. «Այսինքն` այն ստուգումները, որը որ երկրի իրավապահ մարմինները նրա նկատմամբ իրականացնեն՝ թողնեն կամ թույլ չտան վերադառնալու, համապատասխանաբար մինչ այդ իրականացնեն, որպեսզի նա թռիչքից չուշանա, անխոչընդոտ վերադառնա: Չէ՞ որ նրանց մի մասը վերադառնում է վերադարձի փաստաթղթերի, այսինքն` վերադարձի վկայականի հիման վրա: Այդ վկայականը նրանք վերցնում են Հայաստանի դեսպանատներից, հյուպատոսություններից: Նրանք ունենում են համապատասխան ժամկետներ, անժամկետ չեն: Եվ հետեւաբար, եթե իրենք պատշաճ կերպով ծանուցեն, տեղյակ պահեն, դա կարող է լինել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր` հարազատների միջոցով»:

Խաչիկ Մուրադյանի խոսքով՝ երբ եղել է վարչապետի հանձնարարականը, ոստիկանության պետի առաջին տեղակալի կողմից հանձնարարական է ուղարկվել ոստիկանության Երեւան քաղաքի մարզային վարչություններին եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժինների պետերին, համաձայն որի՝ հանձնարարվել է պատշաճ կերպով կազմակերպել տվյալ կատեգորիայի անձանց դիմավորումն անխոչընդոտ Հայաստանի Հանրապետության տարածքում` մինչեւ նախաքննական մարմնին ներկայացնելը:

Ըստ մեր զրուցակցի՝ վերադարձած 90 անձի 27 տարին դեռ լրացած չի եղել, եւ նրանք բոլորն էլ մինչ վերադառնալը հայտարարել են, որ գալիս են ծառայության մեկնելու նպատակով. «Գրեթե մեծ մասը վերադարձել է Ռուսաստանից, եւ 90 հոգին նման խնդիրներ չի ունեցել, քանի որ մեծ մասը տեղյակ է պահել հարազատների կամ իր դիմումի միջոցով: Նշել են, որ ամսի այսինչին վերադառնում են, թռիչքը լինելու է այսինչ օդանավակայանից, եւ ոստիկանությունը համապատասխանաբար ուղարկում է գրավոր տեղեկացում տվյալ տարածքը սպասարկող ոստիկանության գծային ստորաբաժանումներին եւ խնդրում, որպեսզի անձին աջակցեն` անխոչընդոտ վերադառնա Հայաստան»:

Ըստ Խաչիկ Մուրադյանի՝ իհարկե կարող են լինել դեպքեր, երբ որ տվյալ երկրի իրավապահներն ունենան իրենց նկատառումները` անձին թույլատրե՞ն տվյալ չվերթով վերադառնալ, թե՞ ոչ, շատ պարզ պատճառներով. «Այդ պատճառներից գերակշիռը կարող է հանդիսանալ այն, որ անձը կարող է իրենց երկրում իրավապահների համար հետաքրքրություն ներկայացնի, չէ՞ որ անձը բնակվելով երկար տարիներ տվյալ տարածքում՝ միգուցե խախտել է տվյալ երկրի ինչ-որ օրենքներ: Ենթադրենք, ադմինիստրատիվ որոշակի տուգանքներ ունի իր վրա կամ ապօրինի է բնակվել այդ երկրում, խախտել է այդ երկրի միգրացիոն ծառայության օրենքները եւ այլն, որը որ իր հետեւանքներն է ունենում իր համար: Չէ՞ որ անձը տարիներով գտնվելով Ռուսաստանում, մանավանդ գտնվելով հետախուզման մեջ՝ կա՛մ պետք է օրինական բնակվի, այդ դեպքում հետախուզման նախաձեռնողը պետք է արդեն իրազեկված լինի՝ որտեղ է անձը բնակվում, կա՛մ ոչ: Իսկ ոչ օրինական բնակվելու դեպքում միգուցե տվյալ տարածքային բաժինները, որոնք որ խոչընդոտ են հանդիսանում նրանց համար, ունեն իրենց նկատառումները՝ անձի հետ կապված: Այդ դեպքում կապ չունի՝ Հայաստանի կողմը պատշաճ կերպով խնդրե՞լ է, համապատասխան նամակով տեղյակ պահե՞լ է, թե՞ ոչ»:

Խաչիկ Մուրադյանի խոսքով՝ այդ ստուգումները որոշակի ժամանակ են նախատեսում, եւ այդպիսի անսպասելի ձեւով, ուղղակի սահմանային կետում հայտնվելով՝ հնարավոր է փաստի առաջ կանգնեցնել տվյալ երկրների իրավապահ մարմիններին. «Այդ ստուգումներն էլ իրենք որոշ դեպքերում անում են արագ, որոշ դեպքերում՝ ավելի խորացված: Փաստեր են եղել, որ տեւել է մի քանի ժամ: Նման խտրականություն չկա՝ ինչ-որ մեկին թողնել, որեւէ մեկին չթողնել»:

Խաչիկ Մուրադյանն ասաց, որ police.am կայքում բոլոր հեռախոսահամարներն ամրակցված են. «Որ տարածքային ստորաբաժանման վրա տվյալ անձը հաշվառված է, ուղղակի կարող է զանգահարել եւ տեղյակ պահել, արձագանքը կլինի շատ արագ: Համապատասխան գրություններով կփորձեն անձին օգնել, որպեսզի նա անխոչընդոտ իր կողմից նշված չվերթով վերադառնա Հայաստան՝ այդ թվում կկազմակերպվի նրա դիմավորումը Հայաստանի տարածքում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 

09.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031