Լրահոս
Օրվա լրահոսը

Հին ռեժիմի դատավորները Նոր Հայաստանում

Հուլիս 11,2018 14:00

Սուրեն Ջեյրանյանը վիճարկում է իր մեղավորությունը և հայտարարում իր անմեղության մասին, այն, որ դեպքի պահին մեքենան ինքը չի վարել

Ավտովթարի գործով Սուրեն Ջեյրանյանը միջին ծանրության և ոչ մեծ ծանրության հանցագործությունների մեղադրանքով արդեն 11 ամիս անհիմն կերպով պահվում է կալանքի տակ, այն դեպքում, երբ ներկայիս դատական իշխանությունները ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով բազմաթիվ մեղադրյալների և ամբաստանյալների ազատ են արձակում կալանքից՝ անձնական երաշխավորությամբ կամ գրավով։ Սուրեն Ջեյրանյանը դարձել է վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված թերի և միակողմանի քննության, քրեադատավարական օրենքի էական խախտումներով ձեռք բերված ապացույցների սխալ ու կողմնակալ գնահատման զոհը։ Նույն կերպ Սուրեն Ջեյրանյանի հետ շարունակում են վարվել դատական քննության ընթացքում։
Քրեական գործը քննվում էր ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ:

Դատական քննության ընթացքում Սուրեն Ջեյրանյանի պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացվել ամբաստանյալին կալանքից գրավով ազատ արձակելու վերաբերյալ, սակայն դատավոր Ս. Մնոյանը կայացրել է չպատճառաբանված, անհիմն և ապօրինի որոշում ու մերժել միջնորդությունը, այն դեպքում, երբ Ս. Ջեյրանյանն այդ պահին արդեն իսկ 10 ամիս գտնվել է կալանքի տակ, բացակայել են ամբաստանյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականության մասին վկայող որևէ ողջամիտ փաստարկները, Սուրեն Ջեյրանյանը նախկինում դատված չի եղել, աշխատավայրում և բնակության վայրում բնութագրվել է դրական, ունի բարձրագույն կրթություն, հանդիսանում է տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ունի մշտական բնակության վայր:

Դատարանին միջնորդություն է ներկայացվել նաև Սուրեն Ջեյրանյանին կալանքից անձնական երաշխավորությամբ ազատելու վերաբերյալ, որը դատարանը կրկին առանց որևէ հիմնավորման, կամայականորեն մերժել է։

Սուրեն Ջեյրանյանին մեղսագրված արարքներից ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը համարվում է անզգուշությամբ կատարված, այն ըստ ծանրության աստիճանի դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ և 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները դասվում են ոչ մեծ ծանրության հանցագործությունների շարքին, ընդ որում՝ վերջին երկու հանցագործությունների համար որպես պատիժ է նախատեսված նաև տուգանքը։

2018 թվականի հուլիսի 3-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատավորին ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն և դատավորը ինքնաբացարկ է հայտնել։ Ինքնաբացարկի միջնորդության քննության ընթացքում պարզվել է, որ դատավորն ի սկզբանե կանխակալ կարծիք է ունեցել Սուրեն Ջեյրանյանի նկատմամբ, մինչև քրեական գործը վարույթ ընդունելը տեղյակ է եղել գործի մի շարք հանգամանքների մասին և ակնհայտ է, որ Սուրեն Ջեյրանյանին կալանքի տակ պահելը պայմանավորվել է դատավորի վերը նշված վարքագծով։ Բացարկի քննության ընթացքում դատավոր Ս. Մնոյանը դատարան էր հրավիրել Սամվել Ջեյրանյանին և փորձում էր արդարանալ ներկաների մոտ, անգամ արդարանալու համար փորձել է զրպարտել Ջեյրանյանին, իբրև թե ինքը Սամվել Ջեյրանյանին նախատել է, որ նա իր որդու փոխարեն ներկայացել է քննչական մարմին և հայտնել, որ ինքն է վարել մեքենան, մինչդեռ Սամվել Ջեյրանյանը հերքեց, որ նման բան է տեղի ունեցել։ Ի դեպ, քրեական գործի նյութերում նման ապացույց գոյություն չունի։ Բացի այդ, դատավորը հայտարարեց, որ ի սկզբանե խորհուրդ է տվել տալ խոստովանական ցուցմունք, ընդունել մեղքը և աջակցել նախաքննությանը, դրանով իսկ հաստատելով, որ ինքն ի սկզբանե սույն գործով ունեցել է ձևավորված կարծիք և եղել է կանխակալ։

Սեփ. լր.

«Առավոտ օրաթերթ»

09.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031