Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնագրային բաժանմունքի արդարացված աշխատակիցների գործով բողոք կա

Հուլիս 11,2018 14:30

Էրեբունու անձնագրայինի պետ Արտյոմ Սեդրակյանի, աշխատակիցների գործին «Առավոտը» պարբերաբար անդրադարձել է իր դատական ռեպորտաժներում:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանը մեղադրվել էր, որ որպես իշխանության ներկայացուցչի գործառույթները իրականացնող պաշտոնատար անձ, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ոստիկանության պետի 2012թ. նոյեմբերի 14-ի թիվ 4576 Ա հրամանով լիազորված անձ, ՀՀ-ից բացակայող Ա. Սլոյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն էր կատարել` անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում, վերջինիս կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար պահանջել է կաշառք, ապա 2013թ. օգոստոսին ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.833.035 ՀՀ դրամին համարժեք` 4500 ԱՄՆ դոլոր կաշառք: Ա. Սլոյանի՝ անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում, նրա անունից կեղծ դիմում էր լրացվել և անձնագրի կորստյան կեղծ գործ կազմվել, իսկ հանրային ծառայող Ս. Ունուսյանին անձամբ տվել էր 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն և հանրային ծառայողների օժանդակությամբ կազմակերպել է պաշտոնեական կեղծիք, այն է` «Ա. Սլոյանի՝ ՀՀ-ում գտնվելու, անձամբ անձնագրային բաժանմունք ներկայանալու և Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել պաշտոնեական փաստաթղթերում, կազմել կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 14-ի թիվ 1231-Ն որոշումով «ՀՀ քաղաքացու անձնագրի մաին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրության սահմանված կարգի խախտմամբ Ա. Սլոյանը հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում, նրա անվամբ ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է կազմվել, տպագրվել ու հանձնվել»: Նա կալանավորվել էր 2015 թվականի հունվարի 19-ին, իսկ 2016 թվականի հունվարի 8-ին կալանքը փոխարինվել էր գրավով: Հիշեցնեմ, որ Արտյոմ Սեդրակյանին գրավով ազատելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանն էր մերժել։

Ա. Սեդրակյանի հետ մեղադրվել էին Էրեբունու անձնագրային բաժանմունքի առաջին կարգի մասնագետներ Աիդա Սարգսյանը, Սոֆյա Ունուսյանը, Գոհար Զարգարյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Վահագն Մելքոնյանը, եւ ազգությամբ եզդի Նավո Սլոյանը, ով թոռան համար անձնագիր էր «հանել»:
Այս գործով դատավորները եղել են Վլադիմիր Գրիգորյանը, Վարդան Գրիգորյանը եւ Արտուշ Գաբրիելյանը:

Անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին դատարանը հռչակեց անձնագրայինի պետի անմեղությունը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց, իսկ երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամի գրավն էլ վերադարձվեց գրավատուին:

Անմեղ ճանաչվեցին մնացյալները՝ աշխատակիցները, տեսուչը, ենթադրյալ կաշառատուն:

Դատարանը որոշեց նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության 18.03.2015թ. որոշմամբ Աիդա Սարգսյանի անվամբ հաշվառված մեքենայի, Երնջատափ համայնքում գտնվող տնամերձ հողամասի և օժանդակ շինությունների վրա դրված կալանքը վերացնել։

Իրեղեն ապացույցները՝ Ալբերտ Սլոյանի անվամբ Էրեբունու անձնագրային բաժանմունքում կազմված փաստացի հաշվառման գործը, Ալբերտ Սլոյանի` Երևան քաղաքի Մուշական թաղամասի տանը փաստացի բնակվելու հանգամանքը ստուգելու վերաբերյալ կազմված նյութերը, անձնագրի կորստյան, անձնագիր հատկացնելու ծառայություն իրականացնելու վերաբերյալ նյութերը և գործին կցված և ապացույց ճանաչված այլ փաստաթուղթ հանդիսացող` Էրեբունու զինկոմիսարիատից ստացված 2014թ. գրությունները, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2014թ. ապրիլի 22-ի և 2014թ. մայիսի 19-ի գրությունները, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետի, առաջատար մասնագետի և առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրերը, հեռախոսազանգերի վերծանումները պարունակող լազերային սկավառակը և գաղտնալսման արդյունքում կազմված ապացույցները պահվեց քրեական գործի հետ:

Դատախազ Վ.Դոլմազյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով բեկանել արդարացման դատավճիռները և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան այլ կազմով` նոր քննության:

Վերաքննիչը երկու նիստ է հրավիրել, իսկ բողոքի քննությունը նշանակել է օգոստոսի 8-ին, քանի որ օրեր առաջ պարզվեց, որ դատավորներից մեկը գտնվում է ամենամյա արձակուրդում եւ կազմը լրիվ չէ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

09.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031