Լրահոս
Օրվա լրահոսը

Ժակլին Սարխոշյանը՝ Աստծո դատաստանի ու ծիծաղելի ձեւաչափով թոշակի մասին

Հուլիս 11,2018 13:30

Բեմարվեստը հայտնի է ոչ միայն տաղանդավոր արտիստներով, ներկայացումներով, այլեւ շատ ավելի հայտնի տաղանդավոր թատերական ինտրիգներով: Երկերեսանի պահվածքը, ցավոք, հատուկ է որոշ մաշակութային գործիչների, ովքեր մի կողմից հրաշալի հասկանում են արտիստին, մյուս կողմից՝ «ջանք» են թափում այդ նույն արտիստին «շարքից հանելու» համար:

Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրինությունը, ի տարբերություն Մեծ թատրոնի, որտեղ ժամանակին օպերային դիվա Ելենա Օբրազցովայի հոբելյանական երեկոյի համար երգչուհին մուծեց վարձավճար, պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանից չպահանջեց այն: Արդեն որոշված էր կազմակերպել պարուհու հրաժեշտի երեկոն: Սա այն դեպքում, երբ նա իր ամուսնու՝ «Բարեկամություն» անսամբլի մենապարող եւ փորձավար Կարեն Մակինյանի հետ պայմանագրով նոր էր սկսել աշխատանքը Բեյրութի Համազգայինի «Գայանե» պարի դպրոցում: Ի դեպ, Ժակլին Սարխոշյանն առաջինն է, որ այդ դպրոցում բացել է դասական բալետի դասարան: 2016թ. աշնանը թատրոնի տնօրինությունը Բեյրութից «բերման» ենթարկեց պարուհուն, պատճառաբանելով, որ երկար ժամանակ է նրա խորեոգրաֆիայով խաղացանկում ընդգրկված «Երազը» (երաժշտությունը՝ Էդուարդ Համբարձումյանի) չի ներկայացվել հանդիսատեսին: Մինչ այս ներկայացման բեմելը, ինչն էլ հանդիսացավ պրիմա պարուհու հրաժեշտի երեկոն, որտեղ գլխավոր դերապարով հանդես էր գալիս հենց ինքը՝ պարուհին, տնօրինությունն առաջարկեց արտիստին տեղը զիջել երիտասարդներին: Ժակլին Սարխոշյանն էլ առանց երկմտելու թղթին հանձնեց սեփական դիմումի համաձայն թատրոնից հեռանալու մասին որոշումը:
ՀՀ վաստակավոր արտիստի 25 տարիների բեմական-ստեղծագործական կյանքից ընդամենը մեկ խոսուն օրինակ բերենք. երբ 2009թ. Յուրի Գրիգորովիչը մեր թատրոնում իրականացրեց Խաչատրյանի «Սպարտակը», պրեմիերայի օրը Ֆրիգիա-Ժակլին Սարխոշյանին անակնկալ էր պատրաստել. Մեծ թատրոնի թանգարանից խնդրել էր այն զգեստը, որով հանդես էր եկել իր տիկինը՝ հանրահայտ պարուհի Նատալյա Բեսսմերտնայան: Մեծանուն խորեոգրաֆը նման ժեստը մեկնաբանեց այսպես. «Ժակլինը կնոջս հիշեցնում է ոչ միայն իր բարձր արվեստով, այլեւ մարդ տեսակով…»:
Օրերս Ժակլին Սարխոշյանը Լիբանանից ամուսնու հետ վերադարձել է հայրենիք:

Ժակլին Սարխոշյանն ու Կարեն Մակինյանը՝ «Սարդարապատի
ճակատամարտը» ներկայացումից հետո:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ պրիմա պարուհին հայտնեց, որ թեեւ ինքը գերազանց մարզավիճակում է, բայց Երեւանում բացառվում է իր բեմելը, սակայն պատրաստվում է հանդիպել թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին՝ «Երազ» ներկայացման ճակատագրի հետ կապված: Ռեպլիկին՝ իսկ ո՞վ է հանդես գալու գլխավոր դերապարով, Ժակլին Սարխոշյանի պատասխանը հակիրճ էր՝ թատրոնում ստեղծագործում են հիանալի երիտասարդ պարուհիներ: Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ վիրավորանքը շատ խորն է, մեր զրուցակիցն ասաց. «Մեծահոգի լինենք, թողնենք Աստծո դատին…»: Հետո էլ հավելեց. «Լիբանանում ես ու ամուսինս փաստորեն սկսեցինք մեր մանկավարժական ու բալետմայստերական գործունեությունը, կապվեցինք երեխաների հետ, օրինակ՝ վերջին մեր աշխատանքը «Սարդարապատի ճակատամարտը» ներկայացումն էր, մասնակցությամբ մեր 410 սաների, երաժշտությունն էլ ընտրել էինք Խաչատրյանի, Սարյանի, Հախինյանի, Եղիազարյանի, Ավետիսյանի ստեղծագործություններից»: Ասաց նաեւ, որ հիմա էլ պատրաստվում են ամուսիններով կարճ ժամանակով մեկնել Իրան, որտեղ «Կակաչ» պարախմբի հրավերով կանցկացնեն վարպետության դասընթացներ: Քանիցս էլ շեշտեց, որ իրենց նպատակը հիմա պարարվեստում երեխաներ ու պատանիներ կրթելն է:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ մեր բալետի արտիստների ու պետական անսամբլների պարողների թոշակի խնդրին: Նշենք, որ նրանք թոշակի են անցնում ընդհանուր հիմունքներով՝ 63 տարեկանում: Ընդ որում, այս մասին քանիցս գրել ենք, բայց համապատասխան մարմինների կողմից ոչ մի արձագանք: Այս առիթով Ժակլին Սարխոշյանն ասաց հետեւյալը. «Արեւմուտքում բալետի արտիստը 20 տարի աշխատելուց հետո թոշակավորվում է: Իսկ, օրինակ՝ Գերմանիայի կառավարությունը պարարվեստի ոլորտի «տարեցներին» տրամադրում է շուրջ 40 հազար եվրո, որ ցանկության դեպքում նրանք այլ մասնագիտություն ձեռք բերեն: Միանշանակ ծիծաղելի է, որ բալետի արտիստներս թոշակի ենք անցնելու 63 տարեկանում: Ստացվում է ինչ-ինչ միջոցներով դեռ պետք է հասնես 63 տարիքին, հետո նոր ստանաս բաղձալի թոշակը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

09.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031