Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համերգիս եկել էին դիրքերից ու հատապտուղներ էին բերել»

Հուլիս 11,2018 13:00

Հարցազրույց մի քանի մրցույթի մրցանակակիր, սիրված քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանի հետ, որը վերջերս համերգով հանդես է եկել Արցախում

– Ինչպե՞ս ծնվեց Արցախում մենահամերգ ունենալու գաղափարը: 

– Արցախում ես երբեք չէի եղել, բայց միշտ ցանկանում էի լինել Արցախի հողում, ընդ որում՝ ոչ աննպատակ։ Վաղուց էի ծրագրել այս մենահամերգը, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր։ Որոշել էի, եթե ստացվի այս ծրագիրը կյանքի կոչել, ապա միայն բարեգործական սկզբունքով։ Մենահամերգիս մուտքն ազատ էր, որպեսզի արցախցի հանդիսականին հասանելի լիներ վայելելու հայ երաժշտությունն ու քանոն նվագարանի ողջ հմայքը՝ իր մաքուր, զուլալ հնչյուններով։ Շատ ուրախ եմ, որ հերթական մենահամերգս կայացավ, այն էլ՝ Արցախում։

– Ո՞ր քաղաքում հանդես եկաք, ի՞նչ ծրագրով: 

– Մենահամերգս կայացավ Ստեփանակերտում։ Հնչեց Կոմիտաս, Սայաթ-Նովա, Ավետիսյան, Երանյան։ Մենահամերգն ընթացավ դաշնամուրի նվագակցությամբ, դաշնակահարը Սեդրակ Երկանյանն էր։

– Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն է արցախցի ունկնդիրը: 

– Կարծում եմ` սիրեց ինձ, իսկ արտիստի համար չկա ավելի թանկ երևույթ, քան հանդիսականի սերն ու ջերմությունը վայելելը, որովհետև երբեք չես կարող ստիպել հանդիսատեսին ծափահարել, եթե համերգը նրա սրտով չէ: Դահլիճի էներգետիկայից, հույզերից հասկացա, որ համերգը ստացված էր, ու հնարավոր է առաջիկայում եւս մեկ մենահամերգ ունենամ այնտեղ:

– Ի՞նչ տպավորիչ պահեր եղան: 

– Մենահամերգիս նվագել եմ մի շնչով, չզգացի, թե ինչպես ավարտվեց։ Շատ հուզվել էի, երբ վերջում մոտեցան շնորհավորեցին, ասացին, որ դիրքերից են եկել ու իրենց հետ բերել էին հատապտուղներ: Չեմ կարող խոսքերով արտահայտել, թե ինչ զգացողություն ունեցա։ Տնօրինության կողմից էլ հրավեր ստացա վարպետաց դասեր անցկացնելու` տեղի քոլեջի ուսանողների համար։

– Հնարավո՞ր է ՀՀ մարզեր այցելեք համերգներով: 

– Համերգներով գրեթե միշտ հանդես ենք գալիս մեր մարզերում, բայց մենահամերգի պարագայում դա մի քիչ դժվար է, մեծ ծախսերի հետ է կապված, թեեւ հնարավորության դեպքում միշտ պատրաստ եմ հայ մշակույթը ամենուր ներկայացնել անաղարտ ձևով։

– Ե՞րբ սպասենք երեւանյան նոր համերգին:

– Շատ մեծ է ցանկությունս մի յուրահատուկ մենահամերգ ունենալու Երևանում, քանի որ զգում եմ` պահանջարկը կա, հանդիսականը իսկապես կարոտ է մաքուր, անաղարտ եւ պրոֆեսիոնալ կատարումների։ Ինքս էլ կողմնակից եմ, որ հասուն, պրոֆեսիոնալ արտիստների աշխատանքները հասու լինեն հանրությանը:

– Ցանկություն, որի մասին կուզենայիք բարձրաձայնել: 

– Ցանկությունս, որ ապրենք արժանապատիվ կյանքով, որպեսզի յուրաքանչյուրը լինի իր տեղում ու զբաղվի իր գործով։

– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք, արտասահմանի հետ կապված որեւէ ծրագիր կա՞: 

– Ես ընդհանրապես ավելիին ձգտող ու բծախնդիր երաժիշտ եմ, չեմ սիրում մի գործ անելուց հետո բավարարվել ու սպասել։ Աստված առաջ, այո, մեծ ծրագրեր ունեմ արտասահմանի հետ կապված, հրավեր ունեմ մի քանի երկրից, հուսամ՝ շուտով ավելի լավ նորություններով «կկիսվեմ» ունկնդիրներիս հետ։

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարը տրամադրել է Մարիաննա Գեւորգյանը:

«Առավոտ» օրաթերթ

09.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031