Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեսը խմած էին, ահ էին տալիս, ո՞ւմ եք ահ տալիս»․Շիրակի մարզպետը՝ բողոքավոր ազատանցիների մասին (տեսանյութ)

Հուլիս 10,2018 22:10

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ  խոսք ընկավ ոռոգման, ինչպես նաև խմելու ջրի մասին։ Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը դժգոհեց, թե ԱԻՆ-ը փոխանակ կենդանի մարդկանց մասին մտածի, զբաղված է  մեռյալների հարցերով։ Ըստ գյուղապետի, ԱԻՆ-ը իրենց գերեզմանոցների թեմայով է գրություն ուղարկել, փոխանակ այս ընթացքում հետաքրքրվի՝ ջրի հարցով կանխարգելիչ միջոցառումներ արվե՞լ են, թե՞ չեն արվել։

«Բայց գերեզմանատների հետ կապված հարցն էլ բավականին լուրջ է»,- ասաց մարզպետ Կարեն Սարուխանյանը։ Գյուղապետը շարունակեց․ «Ընդունում եմ, ցանկացած հարց լուրջ է, բայց ավելի լուրջ, որ գյուղացին չելնի, ճանապարհ փակի, որ գանք խնդրենք մարզպետին, փոխմարզպետին, որ ոստիկանապետը գա խնդրի, թե ախպոր պես նայեք, չփակեք, իրականում հենց սկզբից եկեք հարցը քննարկենք»։ Մարզպետն ասաց, որ հենց այդ նպատակով էլ այսօր հրավիրել են «Շիրակ» ՋՕԸ տնօրեն Ռուստամ Գրիգորյանին։

Գյուղապետը բողոքեց, որ հեղաղատարները Մանթաշից մինչև Վարդաքար վերջին անգամ մաքրվել  են 2008 թվականին։ «2008 թվականին Նանյան Լիդան է մաքրել»,- ասաց գյուղապետը։

Մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն էլ ասաց, որ ջուրը կես կամ մեկ օր ուշացել է, պետք է ձեռք ձեռքի տալ ու  դրա մասին մտածել։

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ, որն օրերս  հանդիպել էր ոռոգման ջրի պատճառով միջպետական ճանապարհը փակած ազատանցիների հետ, ասաց․ «Ազատան համայնքում էի, համայնքի ղեկավարը  տեղում չէր, բնակիչները՝ կեսը խմած, ներկայացնում էին՝ ճամփեն կփակեն և այլն։ Ես ասում եմ, ժողովուրդ ջան, էդ ո՞ր ճամփեն փակեցիք, ձեր ջուրը եղա՞վ էս պահին։ Առանց ներկայացնելու, առանց քննարկելու, այսինքն համայնքի ղեկավարներից շատ բան է կախված։ Հասկացանք իրավիճակ է ստեղծվել, միանգամից բոլորը ցանկանում են  ոռոգում կատարել, բայց անհնար է, չէ՞, վերջիվերջո, միանգամից չի կարող էդ փոփոխությունները կատարվել, մի քիչ համբերություն է պետք։ Համայնքի ղեկավարները պետք է խոսեն իրենց համայնքի բնակիչների հետ և բացատրեն, որ միանգամից չի կարող, չարժի, ճամփա փակելով ահ տալը ո՞րն է, կամ ո՞ւմ են ահ տալիս։ Մենք աշխատում ենք, անում ենք ամեն ինչ, դրա համար պիտի դիմեն նախ մեզ, ոչ թե միանգամից դուրս գան ու ճամփա փակեն։ Դուք պետք է բացատրեք ձեր համայնքի բնակիչներին, ոչ թե քաշվեք մի կողմ,ժողովուրդը ելնի դուրս, միջպետական ավտոճանապարհներ են փակում»։

Մարզպետի խոսելու ընթացքում պարզվեց, որ մարզխորհրդի նիստին մասնակցում է նաև Շիրակի նորանշանակ ոստիկանապետ Սևան Քոչարյանը, որը մարզպետին միջպետական ճանապարհ փակելու մասին հուշեց․ «Խուլիգանություն ա, պարոն մարզպետ»։

«Իհարկե»,- հաստատեց մարզպետ Կարեն Սարուխանյանը՝ շարունակելով․ «Ես  գնացել եմ, պարզ ասում եմ ձեզ, կեսը խմած, համայնքի ղեկավարը չկա, չի գալիս ներկայացնում, մարդիկ են ներկայացնում, թե կա նման խնդիր։ Էլի եմ ասում՝ եթե կլինեն մարդիկ, որոնք չեն կարող աշխատել, տեղյակ պահեք, հասկանանք»։

Փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանն էլ նշեց, որ իրեն հասեցագրված բողոքները ցույց են տալիս, որ ոռոգման ջրի խնդիր առաջացնողները եղել  են ու կան գյուղապետերը։ «Խնդրում եմ չհերքել, որ այդպես չէ»։ Նա նշեց, որ այս հարցում թերանում են նաև «Շիրակ» ՋՕԸ-ն և գյուղապետարանները։

Շիրակի մարզպետը «Շիրակ» ՋՕԸ պետ Ռուստամ Գրիգորյանին նախազգուշացրեց ուշադիր լինել ջրբաշխներին, քանի  որ իրեն տեղեկություններ են հասնում այն մասին, որ նրանք գումարի դիմաց շատ ջուր են բաց թողնում, դրա հաշվին մյուս համայնքներին մատակարարվելիք ջրի ծավալը նվազում է։

 

Շիրակի ոստիկանապետ Սևան Քոչարյանն էլ նշեց, թե ժողովրդի համար պրոբլեմներ են ստեղծում։ «Ի՞նչ  է նշանակում ճանապարհ են փակում, համայնքի ղեկավարն ընտեղ չի, ոստիկանապետը գալիս է, հորդորում է, խնդրում է, որ մարդիկ ճանապարհ բացեն։ Դուք հասկանո՞ւմ եք, որ մենք գյուղացու համար մեխանիկորեն պրոբլեմ ենք ստեղծում, ընդհուպ մինչև քրեական գործով պատասխանատվության ենթարկելու։ Այն, ինչ կախված է ինձանից, ես իմ պարտականությունները կատարում եմ 24 ժամ և խնդրում եմ՝ որպես տարածքի ոստիկանապետ, դուք ձեր պարտականությունները կատարեք օրենքով սահմանված կարգով և ժողովրդին մի հանեք ճանապարհ փակելու, նեղանձնական խնդիրների համար ժողովրդին փաստի առաջ մի կանգնեցրեք»,- հորդորեց ոստիկանապետը։

«Շիրակ» ՋՕԸ պետ Ռուստամ Գրիգորյանն ասաց՝ եթե որևէ մեկը  խախտում է կատարել, թող պատժվի։ Նա նշեց, որ իրենք ևս փորձում են իրենց պարտականությունները 100 տոկոսով կատարել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031