Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնես Արմենիա հիմնադրամի տնօրենը ներդրողների համաձայնությունը ստանալուց հետո հրապարակեց նրանց անունները

Հուլիս 10,2018 20:39

Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցում ուղիղ հեռարձակմամբ  պատասխանեց օգտատերերի հարցերին:

Հիմնադրամի տնօրենը լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում նշել էր, որ չի կարող մանրամասներ ներկայացնել, թե ներդրումներն ում կողմից են կատարվել, քանի որ կոնֆիդենցիալության խնդիր կա: Այս առնչությամբ օգտատերերից մեկը Արմեն Ավակ Ավակյանին հարց էր ուղղել, թե ներդրումների մասին տեղեկատվությունը ինչո՞վ է կոնֆիդենցիալ եւ ինչո՞ւ: Ի պատասխան, Արմեն Ավակ Ավակյանն ասաց, որ խոսքը ոչ թե Բիզնես Արմենիայի կոնֆիդենցիալության մասին է, այլ՝ այն ընկերության՝ ներդրողի, որը գումար է ներդնում Հայաստանում. «Բիզնես Արմենիան չունի կոնֆիդենցիալություն, մենք պետական բյուջեից գումար ստացող հիմնադրամ ենք եւ, ըստ այդմ, թափանցիկ եւ բաց ենք, մենք պատրաստակամ ենք պատասխանել, թե գումարներն ինչպես ենք ծախսում: Իսկ ինչ վերաբերում է ընկերությանը՝ ինչ-որ մի ներդրողի, նրա կոնֆիդենցիալությանը, ապա դա, արդեն պետք է իրեն հարցնեք, նրա իրավունքն է»:

Պարոն Ավակ Ավակյանի խոսքով, սակայն, քանի որ հարցը տրվել է, իրենք զանգահարել են բոլոր այն ընկերություններին, որոնք անցյալ տարի՝ 2017 թ.-ին, հիմնադրամի միջոցով ներդրումներ են կատարել, եւ հարցրել՝ արդյո՞ք կարելի է նրանց անունը ուղիղ հեռարձակմամբ հացուպատասխանի ժամանակ հրապարակել: Ըստ Արմեն Ավակ Ավակյանի՝ մեծամասնությունն ասել են` այո, բացի մեկ ընկերությունից. «Մենք ներդրողի հետ ունենք փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ: Ենթադրենք, ասում են՝ ուզում եմ արտահանել Ռուսաստան, Պարսկաստան, գումարն  այստեղից գալու է, գնալու է այնտեղ, այսինքն՝ իրենք պետք է կարողանան ինձ հետ բաց, թափանցիկ խոսել, որպեսզի ես կարողանամ իրենց բաց եւ թափանցիկ ծառայություն մատուցել: Վերջիվերջո մեր նպատակը Հայաստանի ՀՆԱ-ի աճն է ընդհանուր՝ արտասահմանյան ներդրումների միջոցով: Այդ թափանցիկությունից էլ ելնելով, որպեսզի բաց խոսակցությունը տեղի ունենա, իրենք պետք է վստահեն ինձ իրենց ինֆորմացիայով, ես պետք է վստահեմ իրենց՝ իմ ինֆորմացիայով: Դա տրամաբանական է»:

Արմեն Ավակ Ավակյանը ներդրողների համաձայնությունը ստանալուց հետո մեկ առ մեկ թվարկեց 2017-ին ներդրումներ արած  ընկերությունների անունները եւ ներդրումների չափը: Նրա խոսքով, անցյալ տարի հիմնադրամի միջոցով տեղի է ունեցել 15 միլիոն 525 հազար ԱՄՆ դոլարի ներդրում եւ 2 միլիոն 955 հազար ԱՄՆ դոլարի վերաներդրում: Այդ գումարները ներդրվել են ոսկերչության, թեթեւ արդյունաբերության, սննդի վերամշակման,  թղթի արտադրության եւ ռազմաարդյունաբերության մեջ: Վերջին երկու ընկերությունների անունները սակայն չհրապարակեց՝ հենց կոնֆիդենցիալությունից ելնելով, քանի որ ներդրողները չէին ցանկացել. «12 միլիոն ԱՄՆ դոլար ներդրվել է ռազմական տեխնիկայի արդյունաբերության մեջ Հայաստանում,  տրամաբանական պատճառներով ներդրողը անունը չի ցանկանում հրապարակել, քանի որ ռազմարդյունաբերության ոլորտը գաղտնի ոլորտ է: Նույնիսկ չգիտեմ էլ՝ ինչ է արտադրելու, որովհետեւ այդ տեղեկատվությունն ինձ հասանելի չէ»:

Արմեն Ավակ Ավակյանն ասաց, որ 2017 թվականին 2 միլիոն 955 հազար ԱՄՆ դոլարի վերաներդրում է եղել դեղագործության, գյուղատնտեսության, հանքային ջրերի ոլորտներում:

Հիմնադրամի տնօրենն ասաց, որ այս տարի արդեն 15 միլիոն 200 հազար ԱՄն դոլարի ներդրման ակնկալիք ունեն: «Այսինքն՝ արդեն ունենք որոշակի քայլ, որ այդ ներդրումները կատարվելու են»,-նշեց պարոն Ավակ Ավակյանը՝ մանրամասնելով, որ ներդրումները նախատեսվում են օծանելիքի, բուսական յուղերի, գյուղատնտեսական այլ հավելումների արտադրությունում, թեթեւ արդյունաբերությունում ու հանքային ջրերի արտադրությունում:

Հիմնադրամն ակնկալում է, որ 2018 թ.-ի երկրորդ կեսին ներդրումների ընդհանուր չափը կհասնի 20 միլիոն 200 հազար ԱՄն դոլարի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031