Այսօր Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ այսուհետ Լոռու մարզպետն աշխատանքային խորհրդակցություն կհրավիրի երկու շաբաթը մեկ անգամ. «Խորհրդակցություն հրավիրում է Լոռու մարզպետը, երբ որ լինում են խորհրդակցության համար նախատեսված խնդիրներ: Մենք եղել ենք ամենօրյա աշխատանքային ռեժիմի մեջ, եւ հիմա էլ ենք այդպես աշխատում: Իսկ աշխատանքային խորհրդակցություններ այսուհետ հրավիրելու ենք, ոչ թե ամեն երկուշաբթի, այլ հրավիրելու ենք այն ժամանակահատվածում, երբ որ իրոք ամբողջ մարզպետարանի համար կլինեն բարձրացված մի շարք խնդիրներ: Այսինքն, ասելու բան կունենանք»:
Նախկինում, ամեն երկուշաբթի մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ տեղեկացվում էր նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների ու առկա խնդիրների մասին: «Եթե չկան գլոբալ ու կարեւոր հարցեր, որը մենք պետք է իրազեկենք մեր լրատվությանը եւ հասարակությանը, մենք չենք կարող ամեն երկուշաբթի գանք այստեղ նստեք եւ ասենք բարեւ ձեզ, մենք գնացինք: Չի լինում այդպես: Չի բացառվում, որ լինեն կարեւորագույն հանձնարարականներ, որ ոչ թե երկուշաբթի օրը, այլ հենց տվյալ օրը մենք հրավիրենք աշխատանքային խորհրդակցություն: Որեւէ ինֆորմացիա թաքցնելու խնդիր չենք ունեցել ու չենք էլ ունենալու, ես դրանում վստահ եմ»,- ասում է աշխատակազմի քարտուղարը:
Նոր որոշումը սակայն դուր չեկավ ասուլիսին ներկա լրագրողներին: Վերջիններս Նարեկ Սարգսյանին խնդրեցին իրենց տեսակետը փոխանցել մարզի ղեկավարին:
Կարդացեք նաև
Անդրադառնալով մարզպետարանում հաստիքների կրճատմանն ու նորերի նշանակմանը` Սարգսյանը տեղեկացրեց. «Սեփական դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են մարզպետի օգնականները, քաղաքաշինության վարչության տրանսպորտի բաժնի պետը: Տնտեսական մասում նույնպես ունենք ազատումներ, խոսքը վերաբերվում է վարորդներին: Իրենց դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են նաեւ Սպիտակի, Ստեփանավանի եւ Թումանյանի սոցալական ծառայության պետերը: Նշանակվել են ժամանակավոր պաշտոնակատարներ»:
Այն հարցին, թե որ կուսակցությունից են նորանշանակ պետերը, աշխատակազմի քարտուղարն ասաց, որ ինքը այդ տեղեկատվությանը չի տիրապետում: Նշեց, որ աշխատանքի ընդունելիս կուսակցական պատկանելությունն իրենց չի հետաքրքրում: Այնինչ, մեզ հասած տեղեկություններով, սոցալական ծառայության նորանշանակ 3 պետերն էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ են. «Այն դիմումը, որ իրենք գրել են, այն հրամանը, որ ես տվել եմ, այն փաստաթղթերը, որ մտել են մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժին, այնտեղ կուսակցության մասին խոսք լինել չի կարող: Միգուցե ինքնակենսագրության մեջ կարող է լինել, որ մարդը լինի կուսակցության անդամ, բայց մենք ընտրությունը կատարել ենք ոչ կուսակցական մոտիվներով: Այս 3 անձնավորությունները, որ այսօր նշանակվել են ժամանակավոր պաշտոնակատարներ, նրանց մասնագիտական գործոնեությունը համընկնում է այն պաշտոնի անձնագրին, որը սահմանված է այդ աշխատանքի համար: Ես չգիտեմ, թե իրենք որ կուսակցության անդամներ են»,- ասաց Նարեկ Սարգսյանը:
Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են նաեւ մարզպետերանի 3 պայմանագրային աշխատողներ, եւս 2-ը պատրաստվում են ազատման իրենց դիմումը գրել: Փոխարենը 6 հոգի ընդունվել է աշխատանքի:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ