Հակակոռուպցիոն ոլորտի միջազգային կազմակերպությունների վերջին գնահատումները փաստում են, որ Հայաստանը զգալիորեն բարելավել է իր դիրքերը կոռուպցիայի դեմ պայքարում: Մասնավորապես, սույն թվականի հուլիսի 2-ից 5-ը Փարիզում (Ֆրանսիայի Հանրապետություն) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) պլենար հանդիպման ընթացքում գնահատվել է գնահատման 4-րդ փուլի արդյունքում կազմված Հայաստանի վերաբերյալ զեկույցը: Հայաստանի պատվիրակությունը՝ կազմված՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանից, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանից, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանից, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանից, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանից, ներկայացրել է Հայաստանի արձանագրած արդյունքները կոռուպցիայի դեմ պայքարում: ՏՀԶԿ գնահատող խմբի կողմից հատուկ ուշադրության և գնահատանքի է արժանացել վերջին ժամանակահատվածում կոռուպցիոն դեպքերի բացահայտման արդյունավետությունը:
Պատվիրակության այցի և բանակցությունների արդյունքում արձանագրվել է, որ Հայաստանին ներկայացված և այս փուլում գնահատվող 21 հանձնարարականները կատարվել են, ընդ որում, 3-ը՝ ամբողջությամբ, 8-ը՝ զգալիորեն, 10-ը՝ մասնակի:
ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն