Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհմինա Վարդանյան. «Երեւանի քաղաքապետի իմ թեկնածությունը ավելի շատ երեւանցիների ցանկությունն է»

Հուլիս 10,2018 18:11

Երեկվանից մամուլում եւ համացանցում լուրեր են շրջանառվում, թե Տարոն Մարգարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում փոխարինելու է ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը:

Aravot.am-ը այսօր զրուցեց Թեհմինա Վարդանյանի հետ:

-Տարածվող շշուկներն աստիճանաբար վերածվեցին լուրերի, ու մինչեւ այս պահը այդ տեղեկությունը ոչ հերքվում է, ոչ հաստատվում: Ձեր մեկնաբանությունը:

-Անկեղծ ասած՝ այդ լուրերն ինձ համար էլ էին անակնկալ: «Ելք» խմբակցությունում նման թեմա չի քննարկվել: Սա, կարծում եմ, ավելի շատ երեւանցիների ցանկությունն է, որ մեկ տարվա իմ աշխատանքը գնահատում են, ինչի համար շատ շոյված եմ: Իրոք, այս պահին ասելու առանձնապես ոչինչ չունեմ: Համաքաղաքացիներիս միայն մեկնաբանություններով ու կարծիքներով բավարարված եմ: Շնորհակալ եմ համացանցում թե դրական, թե բացասական մեկնաբանությունների համար: Դրանք շատ կարեւոր են եւ մոտիվացնում են, անկախ գործընթացի հետագա զարգացումներից:

– Այսինքն, ավագանու «Ելք» խմբակցությունում ապագա քաղաքապետի թեկնածության հարց երբեւէ չի՞ քննարկվել:

– Ընթացիկ քննարկումներ եղել են, բայց հստակ որոշումներ չեն ընդունվել: Տարոն Մարգարյանի երեկ երեկոյան տված հրաժարականը վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի քան սպասելի էր: Բայց մեր խմբակցությունը եւ դաշինքը դեռ չեն հավաքվել:

-Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ Հանրապետականը քաղաքապետի նոր թեկնածու առաջադրի:

-Անձամբ ես գրեթե համոզված եմ, որ նրանք այդպիսի քայլի չեն գնա ողջախոհությունից ելնելով, քանի որ Հանրապետականը հեղինակազրկված է:

– Իսկ հնարավո՞ր է, որ Հանրապետականը, լինելով մեծամասնություն, տապալի նոր քաղաքապետի ընտրությունը եւ ավագանու կազմը լուծարվի:

– Չեմ կարծում: Ավագանու լուծարումը հենց Հանրապետականին պետք չէ: Քաղաքապետի ընտրությունը, հավանաբար, կանցնի նույն սցենարով, ինչ ԱԺ-ում վարչապետի ընտրությունը:

-Եթե «Ելք» խմբակցությունը ձեր թեկնածությունն առաջադրի, կհամաձայնե՞ք:

-Ես քաղաքապետի պաշտոնին հավակնելու ամբիցիաներ չունեմ: Երեւան քաղաքը շատ մեծ տնտեսություն է, որը կառավարելը անչափ ծանր պարտականություն է: Մինչեւ թեկնածու առաջադրելը լուրջ քննարկումներ պետք կազմակերպվեն: Բայց եթե իմ անունն առաջադրվի, ես իմ որոշման մեջ միայնակ չեմ: Այս պահին զերծ կմնամ հստակ պատասխան տալուց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Թեհմինա Վարդանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031