Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

2018 թ-ի մայիսին 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 1.6%

Հուլիս 10,2018 18:08

2018 թ. հունիսի 26-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Արկադի Խաչատրյանը:

Խորհրդի նիստը սկսվեց հունիսի 26-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Արձանագրվեց, որ 2018 թ-ի մայիսին 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 1.6%: Նվազումը պայմանավորվել է բացառապես պարենային ապրանքների գների անկմամբ, մասնավորապես՝ ամսվա ընթացքում «Բանջարեղեն», «Կաթնամթերք, պանիր և ձու» և «Մսամթերք» ապրանքախմբերի գները նվազել են համապատասխանաբար 15.2%, 1.7% և 0.9%-ով, որոնց ընդհանուր նպաստումը գնաճին կազմել է ավելի քան 1.0 տոկոսային կետ: Գնահատվում է, որ գյուղմթերքի գների անկումը մեծապես պայմանավորված է բերքի սեզոնայնության տեղաշարժով, և ենթադրվում է, որ առաջիկա եռամսյակների ընթացքում 12-ամսյա գնաճը կվերականգնվի՝ պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին հատվածում:

Խորհրդի նիստում քննարկվեց ձևավորված տնտեսական իրավիճակը. ներկայացվեց, որ 2018 թ-ի երկրորդ եռամսյակում արձանագրված տնտեսական ակտիվությունը գերազանցել է ԿԲ սպասումները` հիմնականում պայմանավորված շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերով: Երկրորդ եռամսյակում ներքին պահանջարկի զարգացումները ևս գերազանցել են ԿԲ սպասումները` բացառապես պայմանավորված մասնավոր ներդրումների աննախադեպ բարձր աճով այն դեպքում, երբ դիտվել է մասնավոր սպառման աճի տեմպերի որոշակի դանդաղում` պայմանավորված առևտրի շրջանառության տեմպերի դանդաղմամբ: Այս զարգացումների ներքո ԿԲ խորհուրդը գնահատում է, որ համախառն պահանջարկի ազդեցությունը գների վրա եղել է ավելի փոքր, ինչի մասին են վկայում եռամսյակի ընթացքում բնականոն գնաճի և գնաճային սպասումների դիտված նվազողական վարքագծերը։

Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև արտաքին հատվածի զարգացումները, որոնց համաձայն շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումները, իսկ հիմնական հումքային ապրանքների միջազգային շուկայում դրսևորումները եղել են սպասվածից ավելի գնաճային: Այս պայմաններում հիմնական գործընկեր երկրների ԿԲ-ները խստացնում են դրամավարկային պայմանները, որն արտահայտվում է ինչպես ֆինանսական շուկայում տոկոսադրույքների բարձրացմամբ, այնպես էլ զարգացող երկրների ռիսկի հավելավճարի ավելացմամբ, ինչը կարող է հետագայում հանգեցնել լրացուցիչ գնաճային ռիսկերի: Հաշվի առնելով նշվածը՝ Խորհուրդը գտնում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալվող ազդեցությունները մնում են գնաճային:

Խորհրդի նիստում քննարկվեցին ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվեց, որ մայիս-հունիս ժամանակահատվածում շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները ցուցաբերել են կայուն վարքագիծ՝ հիմնականում ձևավորվելով ԿԲ քաղաքականության տոկոսադրույքի շուրջ: Պետական պարտատոմսերի եկամտաբերության կորի երկայնքով նույնպես, նշված ժամանակահատվածում միջնաժամկետ և երկարաժամկետ տոկոսադրույքները ցուցաբերել են փոքր տատանողականություն և երկարաժամկետ միջին տոկոսադրույքը մնացել է գրեթե անփոփոխ:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ  դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Հաշվի առնելով առաջիկայում արտաքին հատվածից սպասվող գնաճային և ՀՀ տնտեսությունում գերակշռող ոչ գնաճային (համեմատաբար թույլ մասնավոր սպառում և սպասվածից զսպողական հարկաբյուջետային քաղաքականություն) ազդեցությունները՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար գտավ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միևնույն ժամանակ, ԿԲ Խորհուրդը  դեռևս գտնում է, որ կանխատեսված զարգացումների և առկա ռիսկերի դրսևորման ներքո հետագայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ 12-ամսյա գնաճն առաջիկայում կպահպանվի ցածր մակարդակում, երկրորդ կիսամյակում կտատանվի թույլատրելի միջակայքի ստորին հատվածում, իսկ միջնաժամկետում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ:

Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը և առաջարկվող մամլո հաղորդագրությունը, որոնք կցվում են:

Տոկոսադրույքի որոշում

26 հունիսի 2018 թվականի թիվ 107 Ա

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «գ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Ո ր ո շ ու մ  է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 6.0%:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վարչությանը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ֆինանսական շուկայում գործառնություններն իրականացնել հետևյալ տոկոսադրույքներով`

2.1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7.5%:

2.2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4.5%:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ                                                          Արթուր Ջավադյան   

 

2018 թ. հունիսի 26

Երևան

 

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

26.06.2018թ.

 

2018 թ. հունիսի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

2018 թ. մայիսին արձանագրվել է 1.0% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 1.6%: Ցածր գնաճի ձևավորմանը հիմնականում նպաստել է սեզոնային ապրանքների գների նվազումը, որը հետևանք է դրսևորված վաղ սեզոնայնության: Միևնույն ժամանակ բնականոն գնաճը նույնպես որոշակիորեն ցածր է գտնվել ԿԲ սպասումներից։

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումները, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում զարգացումները սպասվածից փոքր-ինչ ավելի գնաճային են: Հիմնական և գործընկեր երկրներում գնաճի արագացումը պայմանավորում է նաև դրամավարկային պայմանների ընթացիկ և սպասվող խստացումը, ինչն արտահայտվել է միջազգային ֆինանսական շուկաներում զարգացող երկրների ռիսկերի ավելացմամբ և արժեթղթերի տոկոսադրույքների բարձրացմամբ: Այս ամենի ներքո ԿԲ Խորհուրդն արտաքին հատվածից ակնկալում է որոշակի գնաճային ռիսկերի ավելացում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը գնահատվում է սպասվածից բարձր՝ պայմանավորված շինարարության և ծառայությունների ոլորտներում դիտված արտադրողականության բարձր աճով։ Պահանջարկի կողմից այն հիմնականում արտահայտվում է ներդրումների աճի բարձր տեմպերով, մինչդեռ, արտասահմանից դրամական փոխանցումների աճի տեմպերի դանդաղման պարագայում, մասնավոր սպառման աճը համեմատաբար ավելի ցածր է գրանցվել։ Այս պարագայում Խորհուրդը գնահատում է, որ համախառն պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա եղել է սպասվածից ավելի թույլ։ Վերջինս արտահայտվել է թե՛ բնականոն գնաճի և թե՛ գնաճային սպասումների ավելի ցածր մակարդակների ձևավորմամբ։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև տնտեսության վրա իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության սպասվածից զսպող ազդեցությունը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել ընդլայնող դրամավարկային պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, համաշխարհային տոկոսադրույքների աճի ներքո: Միևնույն ժամանակ Խորհուրդը գնահատում է, որ, չնայած առկա ցածր գնաճային միջավայրին, միջնաժամկետ հատվածում դեռևս պահպանվում է խթանող դրամավարկային պայմանների աստիճանական չեզոքացման անհրաժեշտությունը՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ մոտակա ամիսներին գնաճը դեռևս կպահպանվի ցածր մակարդակում՝ երկրորդ կիսամյակում ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքում և միջնաժամկետ հատվածում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գների կայունությունը:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031