Այսօր կառավարության նիստից հետո Aravot.am-ը բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց՝ այն ընթացքում, որ պաշտոնավարում է, արդյոք համամիտ է բնապահպանների այն հայտարարություններին , որ Հայաստանի բնությունը, բնական պաշարները 10 տարիների ընթացքում անխնա եւ խախտումներով են շահագործվել: «10 տարի չէ, շատ ավելի երկար տարիներ: Խնդիրը գալիս է շատ ավելի վաղ ժամանակաշրջանից, բայց խնդիրը բնորոշ չէ միայն Հայաստանին: Բոլոր երկրներում, որտեղ լինում է կառավարման փոփոխություն, օրինակ՝ կոմունիզմից կամ սոցիալիզմից անցնելով շուկայական տնտեսությանը, բնական ռեսուրսների գերշահագործումը լինում է ամենաառաջինը: Եվ մեզ մոտ այդպես է եղել»,-ասաց նախարարը:
Նա որպես օրինակ բերեց ՀԷԿ-երը, նշելով, դրանց մասին օրենսդրությունը վերջին ժամանակահատվածում փոփոխությունների ենթարկվեց. «Այն գետերը, որտեղ արգելվում է որեւիցե նոր ՀԷԿ կառուցել, եթե այն արդեն 40%-ից ավելի խողովակների մեջ է, ՀԷԿ-եր, որտեղ գետի ակունքում է, որտեղ ձկնուղիների խնդիր կար: Տարբեր հարցեր կան, այդ ամեն ինչը մինչ դա օրենսդրորեն չի եղել: Օրինակ ՀԷԿ-ի մասով գուցե օրենսդրորեն մինչ այդ ճիշտ է եղել, բայց բովանդակային առումով՝ ոչ»:
Մեր այն հարցին էլ՝ բնապահպանները տարիներ շարունակ ահազանգում են չշահագործվող եւ վտանգավոր պոչամբարների մասին, նախարարությունն ի՞նչ է նախատեսում անել այս ոլորտում, Գրիգորյանը պատասխանեց. «Եվրամիության հետ պայմանավորվել ենք, շատ նախնական է, լրացուցիչ մոտ 5 միլիոն եվրոյի դրամաշնորհ կստանանք, որպեսզի Սովետական միությունից մնացած այդ պոչամբարների խնդիրը լուծենք, ռեկուլտիվացվելու է: Իսկ այսօրվա պոչամբարների հետ կապված էլ՝ հիմա ունենք առաջադրանք, կմշակենք կենսաբանական ռեկուլտիվացման կարգը, որովհետեւ այսօրվա դրությամբ այն ռեկուլտիվացիան, որ արվում է, չգիտեմ…շատ փոքր շերտով հողային շերտ լցնել եւ ասել, որ սա ռեկուլտիվացվել է, դա ռեկուլտիվացնել չէ: Պոչամբարից հետո ռեկուլտիվացված տարածքը պետք է վերադառնա տնտեսական գործունեության բնագավառ, ե՛ւ հողի մասով, ե՛ւ մնացած մասերով»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ