Լրահոս
Օրվա լրահոսը

Արտասովոր նիստ՝ Շիրակի նորանշանակ ոստիկանապետի մասնակցությամբ․ թերացած գյուղապետերին ոտքի կանգնեցրին

Հուլիս 10,2018 17:54

Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի հերթական նիստը՝ մարզային նոր ղեկավարության՝ նորանշանակ մարզպետի, 3 փոխմարզպետների ու նաև նոր ոստիկանապետի մասնակցությամբ։ Ոստիկանապետի մասնակցությունն, ի դեպ, նորություն էր ներկաների համար․ վերջինս ոչ միայն մասնակցեց, այլ որոշակի դիտողություններ արեց։

Ինչպես միշտ, սկզբում ելույթ ունեցավ մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։ Նա հանդես եկավ համայնքների սեփական եկամուտների կատարման վեցամսյա հաշվետվությամբ։

Զեկուցողը նշեց, որ սեփական եկամուտները կատարվել են 80,5 տոկոսով․ նախատեսված մեկ միլիարդ 165 միլիոն դրամի փոխարեն ընդամենը հավաքագրվել է 938 միլիոն 789 հազար դրամ։ Սեփական եկամուտների թերակատարումը գումարային առումով կազմել է 226 միլիոն դրամ։

Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը զեկուցողին առաջարկեց հրապարակել եկամուտներն ամենացածր հավաքագրած 5 գյուղապետերի անունները։ Գյուղապետերի պատճառաբանությունները տարբեր էին։

Նախ ոտքի կանգնեցրին Սպանդարյան համայնքի գյուղապետ Ավետիք Մխիթարյանին, որը 46,4 տոկոսով է կատարել սեփական եկամուտները։ Գյուղապետը սկզբում պնդում էր, որ սխալ հաշվարկներ են կատարվել։ Երբ Լիպարիտ Մարտիրոսյանը մեկ անգամ ևս բացատրեց, թե ինչի մասին է խոսքը՝ օրինակ բերելով՝ վարձակալական հողերի վարձավճարը, որը 8,9 տոկոսով է կատարվել, գյուղապետն ասաց․ «Վար ու ցանքը սկսվել է, ես խոսք եմ տալիս հավաքագրել»։

Շիրակի մարզպետն էլ նախազգուշացրեց․«Մեկ ամսվա ընթացքում ձեր ցուցանիշները բարելավում եք»։ «Խոսք եմ տալիս»,- ասաց գյուղապետը, որին ի պատասխան՝ մարզպետը հրահանգեց՝ նստեք։

Հաջորդը ոտքի կանգնեցրեցին Սարատակ համայնքի գյուղապետ Միշա Ղրզոյանին, որն ասաց․ «Խայտառակ եղանք, մենք միշտ պարտաճանաչ ենք եղել, ուղղակի մեր խոպանչիք էս տարի մի քիչ ուշ գնացին, դրա հետ է կապված»։ Մարզպետը հետաքրքրվեց՝ միայն ձեր գյուղի խոպանչի՞ք են ուշ գնացել։ «Հա, էս տարի ուշ են գնացել, մինչև ամսվա վերջ կկատարենք»,-պատասխանեց գյուղապետը։ Մարզպետը մի ամիս ժամանակ տվեց նաև նրան։

Ոտքի կանգնեցրին նաև Գեղանիստի, Սարապատի և Գետքի գյուղապետերին։ Գետքի գյուղապետ Հովիկ Մխիթարյանն ասաց, որ ազգաբնակչության սոցիալական վիճակը վատ է, պատճառներից մյուսը 2013-14 թվականի կարկտահարությունն է։ Ըստ գյուղապետի, գյուղացիները նաև հույս ունեն, որ կառավարությունը պիտի զիջի պարտքերը և հարկերը։

Մարզպետը նախազգուշացրեց՝ եթե չեն կարող սեփական եկամուտները հավաքագրել, դիմեն իրենց, իրենք կգտնեն մարդկանց, որոնք լրջորեն կզբաղվեն այս հարցով։ «Ավելի լուրջ տրամադրվեք, և ավելի լուրջ աշխատեք»,-հորդորեց Կարեն Սարուխանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031