Լրահոս
Օրվա լրահոսը

Դարրեն Արոնոֆսկի. «Կինո նկարելը ամուսնության նման է, միշտ չէ, որ կատարյալ է ստացվում»

Հուլիս 10,2018 17:34

Հեղինակավոր կինոփառատոնների մրցանակակիր ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրն է, իսկ նրա ֆիլմերը՝ փառատոնի շրջանակում ցուցադրվում են: Հուլիսի տասին ամերիկացի ռեժիսորը վարպետության դաս անցկացրեց AGBU- ի գրասենյակում: Ասեղ գցելու տեղ չկար, երիտասարդներն անգամ հատակին էին նստել:

Ռեժիսորն ասաց, որ իր ստեղծագործելու ոճն առանձնահատուկ է, քանի որ իր ձեւակերպմամբ, ինքը ֆիլմը երեք անգամ է նկարում. մեկ անգամ՝ սցենարը գրելիս, երկրորդ անգամ՝ դերասանների հետ աշխատելիս, երբ արդեն նյութը նկարված է եւ երրորդ անգամ՝ մոնտաժելիս:

«Ոմանց թվում է, թե իմ ֆիլմերը մեկ շնչով են նկարված, սակայն դրանք անընդհատ փոփոխվել են…Ընդհանրապես Ֆիլմարտադրությունը արվեստ լինելուց բացի, նախ եւ առաջ բյուրոկրատիա է՝ անվտանգության հարցեր, փողի փնտրտուք, հազար ու մի բան, այնպես որ՝ արվեստի համար քիչ տեղ է մնում:

Ռեժիսորի աշխատանքն էլ հիշեցնում է նվագախմբի դիրիժորի աշխատանքը, պետք է այնպես անես, որ ողջ նվագախումբը կատարյալ նվագի… Մի խոսքով, կինո նկարելը ամուսնության նման է, միշտ չէ, որ կատարյալ է ստացվում»,- ասաց ռեժիսորը:

Նա խոսելով իր ֆիլմերի մասին՝ նշեց, որ իրեն միշտ գրավել են հինավուրց, աստվածաշնչյան պատմությունները. «Դրանք հզոր են, ու որպես պատմող փորձում ես զգացմունքային արձագանքի հասնել…Մարդկային զգացմունքները թարգմանվում են բոլոր լեզուներով, անկախ նրանից՝ այդ զգացողությունն ունեցողն ինչ կրոնի ներկայացուցիչ է, մանավանդ բոլոր ուսմունքներն էլ համաշխարհային մշակույթի մաս են»:

Հարցին՝ ո՞վ է իր լսարանը, Դարրեն Արոնոֆսկին պատասխանեց, որ նկարելիս պատկերացում չունի, թե ով է այդ ֆիլմը դիտելու, մյուս կողմից էլ, նրա ձեւակերպմամբ, դրանք այն մարդիկ են, որոնք մարտահրավեր են ուզում, ձանձրացել են Մարվելի ֆիլմերից: Արոնոֆսկին միաժամանակ ավելացրեց, որ իր վարպետի գրասեղանին միշտ նման բովանդակությամբ գրություն է եղել. «Որտեղ է իմ հանդիսատեսը» եւ սա է ուղեցույց հանդիսացել:

Դերասանների հետ աշխատանքին էլ անդրադարձ եղավ: Արոնոֆսկին նշեց, որ ռեժիսորը պարտավոր է այնպիսի միջավայր ապահովել, որ իր հետ աշխատող դերասանը հարմարավետություն զգա, վստահի. «Որովհետեւ, երբ դերասանները բացվում են, դառնում են գեղեցիկ ծաղիկներ: Մյուս կողմից էլ՝ փորձառու դերասանները ոչ միշտ են ցանկանում անել այնպիսի բաներ, որ նախկինում չեն արել, ու ռեժիսորը ստիպված է հիմնավորել դրա անհրաժեշտությունը, որ նրանք «չխրտնեն»:

Արոնոֆսկին ասաց, որ մինչեւ կինոյով լրջորեն զբաղվելը դիտել է լավագույն ռեժիսորների ֆիլմերը, որոնց թվում՝ Ջարմուշի, Ֆելինիի… Ներկաներին էլ խորհուրդ տվեց անպայման նայել Ֆելինիի «Քաղցր կյանքը»:

Ասաց, որ չի բացառվում մի օր Հայաստանում ֆիլմ նկարելը, սիրում է համագործակցել նրանց հետ, որոնք արհեստը արվեստի են վերածում, նաեւ հավատացած է, որ երկրագնդի վրա բոլոր մարդիկ հավասար են:

Ներկաներից մեկի դիտարկմանը, որ ինքը աթեիստ է, տեղյա՞կ է արդյոք, որ գտնվում է առաջինը քրիստոնեություն ընդունած երկրում, օսկարակիր ռեժիսորը ժպտաց, ապա պատասխանեց. «Հուսով եմ՝ այստեղ կհանդուրժեն այլ կրոնի ներկայացուցչի կամ աթեիստի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031