Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կաթողիկոսին հանրության կողմից առաջադրվել է ֆինանսական յուրացման խնդիր, և պետք է պատասխան տրվի». Հրանուշ Խառատյան

Հուլիս 10,2018 17:16

Կրոնագետ Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ Սահմանադրությունը միայն այն դեպքում է գործող, զորեղ, սահման ի վիճակի ենք դնել եկեղեցու և պետության միջև միայն այն ժամանակ, երբ նա սկսում է ազգի հոգևոր արժեքներից և ազգային փիլիսոփայությունից բխել:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց» թեմայով քննարկմանը պարոն Խաչատրյանն ասաց. «Շատ տեղերից արտագրված դրույթներ են: Երբ խոսում ենք եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին, նշեմ, որ չի կարող պետությունն անմասն մնալ հայ առաքելական եկեղեցու խնդիրներից»:

Վարդան Խաչատրյանի համոզմամբ՝ ներկայիս իրողություններում չարժե կտրուկ քայլերի դիմել. «Մեր հարևանները սպանում են իրար, ուստի այս պայմաններում գնալ ռադիկալ իրավիճակի սրման, որքանո՞վ է սողոմոնյան մտածողություն: Առավել ևս գնացել, հանդիպել եմ, եթե կգա ժամանակը, կխոսենք այն փաստարկներից, որ լսել եմ, որպես անկախ կողմ, ոչ թե հայ առաքելական եկեղեցու ջատագով»:

Հարցին՝ Նոր Հայաստանին պե՞տք է նոր եկեղեցի, թե դա ավանդական կառույց է, Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը պատասխանեց. «Եկեղեցին կենդանի օրգանիզմ է, ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվում ներքին, վարչարարական, կառուցվածքային և մտածողության առումով: Նոր Հայաստանի եկեղեցու առաքելությունը կրկին նույնն է՝ ամենակարևորը մարդկանց Աստծո խոսքը քարոզել և փրկության առաջնորդել: Այսօր եկեղեցում կա կամք ու ցանկություն վերափոխվելու և ավելին անելու: Շուտով փոփոխություններ ենք տեսնելու մեր եկեղեցու կյանքում և հոգևորականների շրջանում»:

Փաստաբան Տիգրան Սարգսյանը նշեց, որ օրենսդրությամբ նախատեսվում է հոգևորականների ներկայություն քննչական մեկուսարաններում, հիվանդանոցներում. «Ես բազմիցս այցելել եմ նման վայրեր, բայց երբեք չեմ հանդիպել հոգևորականների: Եկեղեցին ոչ թե պիտի նայի իշխանության փոփոխությանը, այլ նայի՝ հավատացյալներն ինչ են պահանջում իրենից: ՀՀ ժողովուրդը փոխվել է և ՀՀ ժողովրդի մտածելակերպի, աշխարհայացքի փոփոխությանը զուգահեռ պիտի եկեղեցին փոխվի»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի փաստմամբ՝ փոփոխությունների հարցը եկեղեցու ներսից պարբերաբար բարձրացվող խնդիր է. «Դա անխուսափելի է: Չի կարող կառույցը հարյուրամյակներ շարունակ նույն սկզբունքների վրա լինել: Խոսում եմ եկեղեցու ներքին կանոնադրական հարաբերությունների մասին: Պետության իշխանությունը համայն հայության համար ծառայող հայ առաքելական եկեղեցու ներքին խնդիրներին չպետք է խառնվի»:

Ըստ տիկին Խառատյանի՝ եթե հայ առաքելական եկեղեցու ներսում նկատվում է հարաբերությունները վերանայելու և նոր որակի հարաբերություններ ապահովելու խնդիր, առնվազն այս պահին պետք է ձեռնպահ մնալ որակումներից. «Այս պահին պետք է ձեռնպահ մնալ ընդունելի, թե ոչ ընդունելի, ցանկալի, թե ոչ ցանկալի, գրագետ, թե ոչ գրագետ որակումներից: Բողոքավոր շարժումներին այնքան որակումներ եղան, ինչպես ինձ համար հարգելի սրբազան Գալստանյանը՝ որպես հերձվածողների և չար աղանդավորների: Սա մեծ ցավով եմ ասում, քանի որ մեծ հարգանք ունեմ նրա վաստակի հանդեպ»:

Տիկին Խառատյանը նշեց, որ եկեղեցու հեղինակության բարձրացման հարցում առաջնայինը թափանցիկությունն է: Ըստ նրա՝ այս պահին խնդիրը կաթողիկոսի անձն է. «Կաթողիկոսին հանրության կողմից առաջադրվել է ոչ միայն ներքին կանոնադրական կամ մարդկային առաքելությունների խնդիր, այլև որպես կաթողիկոսարանը գլխավորող անձի առաջադրվել է ֆինանսական յուրացման խնդիր: Ցույցերին մասնակցում են մարդիկ, որոնք ծառայություններ են մատուցել, բայց պայմանագիր չեն ստացել: Առաջադրված են նաև մեղադրանքներ: Այստեղ է, որ եկեղեցու հետևորդները, առհասարակ հայ հասարակությունը իրավունք ունի ստանալ կամ պատկերացում կազմել այս խնդիրների վերաբերյալ: Վերջին տաս տարիներին մենք ունեցել ենք եկեղեցու բարձրաստիճան պաշտոնյաների անուններ օֆշորներում, Բենթլիների հետ կապված, բայց, ցավոք, դրան զուգահեռ չեն տրվել իսկապես ժուժկալ ապրող նվիրյալ հոգևորականների անունները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031