Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարաշահումներով կզբաղվեն իրավապահ մարմինները». Էդմոն Մարուքյանը՝ Տարոն Մարգարյանի մասին

Հուլիս 10,2018 17:09

«Երեւան քաղաքը հանրապետության մոտ 60 տոկոս տնտեսությունն ունի եւ ակնհայտ է, որ նոր իրողությունների լույսի ներքո, երկրում իշխանափոխություն է տեղի ունեցել եւ նաեւ թիմային այստեղ խնդիր կա, մի թիմը գնացել է, մի ուրիշ թիմ եկել է իշխանության եւ ոչ միայն Տարոն Մարգարյանը, այլեւ բազմաթիվ տեղերում հրաժարականներ են տալիս եւ Տարոն Մարգարյանը նույնպես, կարծում եմ, այդ տրամաբանության մեջ հրաժարական է տվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Երեւանի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ կապված ասաց «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:

Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված նրա հրաժարականը, արդյոք աղմկահարույց բացահայտումների հետ էր կապված՝ Մարուքյանը պատասխանեց. «Հրաժարականը չի կարող որեւէ չարաշահում կոծկելու հիմնավորում լինել կամ պատճառ: Չարաշահումներով կզբաղվեն իրավապահ մարմինները, որտեղ եղել է չարաշահում, համապատասխան ընթացք կլինի, իրավական գնահատական եւ պրոցես»:

Հարցին՝ «Ելքը» ունի՞ իր թեկնածուն՝ Մարուքյանը պատասխանեց, որ դեռ չեն քննարկել:

Մեր հարցին՝ ասում եք, որ մի թիմը գնացել է, մի ուրիշ թիմ է եկել իշխանության ու այդպես էլ պետք է լիներ, հրաժարական պիտի տային, եթե այդ տրամաբանությամբ մտածենք, կարելի՞ է սպասել, որ գլխավոր դատախազը նույնպես պետք է հրաժարական տա՝ հաշվի առնելով, որ նախկին թիմից է, հաջորդը նա՞ է լինելու՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Կային բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք հրաժարական են տվել, էլի ընտրված էին, էլի նշանակված էին երկարատեւ ժամկետներով՝ տարիների ժամկետներով եւ հրաժարական տվեցին: Գոյություն ունի քաղաքական տրամաբանություն թիմային աշխատանքի: Հիմա կարող է մարդիկ կան, որոնք արդեն տեղավորվել են նոր տրամաբանության մեջ, աշխատում են: Մարդիկ կան՝ դեռեւս իներցիայի մեջ են, չգիտեն, որ բան է փոխվել: Պրոցեսներ են, ես չեմ կարող ասել ով երբ հրաժարական կտա կամ ընդհանրապես չի տա, բայց կոնկրետ Տարոն Մարգարյանի հրաժարականը նաեւ ավագանու «Ելք» խմբակցությունն է պահանջել, այսինքն, դա նորություն չէր: Պահանջել է, եւ պահանջը իրականացվել է: Ես դատախազի հրաժարականի պահանջ չեմ տեսել եւ քաղաքական այդպիսի ձեւակերպված պահանջ որեւէ քաղաքական ուժի կողմից չի եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031