Լրահոս
Օրվա լրահոսը

Մատների թանաքոտման, բոլորին ID քարտ տալու խնդիրը չի լուծվում. Իոաննիսյանի բացատրությունն ու ՀՀԿ-ի արձագանքը

Հուլիս 10,2018 17:03

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների համար ձեւավորված ԱԺ աշխատանքային խմբի քննարկմանը փորձեցին վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանից ճշտել, թե պատրա՞ստ են իրենց հետ աշխատել միասնական նախագծի վրա: Իոաննիսյանն ասաց, որ իրենցը մասնագիտական հանձնաժողով է, պատրաստ են լսել բոլորի կարծիքը: Պատգամավորները հիշեցրին, որ շատ կարեւոր է ունենալ կոնսենսուսային տարբերակ, որ քաղաքական ուժերը նոր «Ընտրական օրենսգիրքը» կոնսենսուսով ընդունեն: Մասնավորապես, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանն ասաց, որ իդեալական կլիներ, որ 4 քաղաքական ուժերի եւ հանձնաժողովի կողմից մեկ միասնական կոնսենսուսային նախագիծ ներկայացվեր, հասկանալի է, որ բոլորը չեն կարող բոլոր լուծումներին կողմ լինել, բայց ինքը կոնկրետ պատկերացնում է, որ պարբերաբար իրենց խումբը հանդիպի հանձնաժողովի հետ եւ ճշտեն մոտեցումները, կողմ, դեմ դիրքորոշումները:

Իոաննիսյանը պատասխանեց, որ իրենք քաղաքական ուժ չեն, որ հանուն կոնսենսուսի, զիջումների գնան:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ երկու նախագիծ կարող է լինել, մեկը՝ իրենց հանձնաժողովի քննարկումների արդյունքում, մյուսը՝ վարչապետին կից հանձնաժողովի տարբերակը, բայց դա լավ չի լինի, միջազգային կառույցներն էլ են կոչ անում ունենալ կոնսենսուսային տարբերակ:

Ի վերջո, անցան բովանդակային քննարկման: Իոաննիսյանն ասաց, որ գործող օրենսգրքում կարգավորումներ կան, որոնք հակասական են, ժամանակի մեքենա է պետք՝ ժամկետի մեջ տեղավորվելու համար, օրինակ, ՀՌԱՀ մեթոդաբանության մշակման համար սահմանված ժամկետը շատ է: Դրանք տեխնիկական հարցեր են, բայց, ըստ Իոաննիսյանի, պետք է լուծվեն բոլոր դեպքերի համար, այդ թվում՝ արտահերթի: Դավիթ Հարությունյանը ճշտեց՝ ուզում են ժամկետները խցկել 30 օրվա մե՞ջ, որ արտահե՞րթն անեն, Իոաննիսյանը պատասխանեց, որ այնպիսի օրենսգիրք են ուզում ստեղծել, որը կսպասարկի բոլոր դեպքերը:

Ըստ Իոաննիսյանի, գործող օրենսգրքում անհստակ է նաեւ, թե երեկոյան ժամը 8-ից հետո տեղամաս կարո՞ղ են մուտք ու ելք անել, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին ամենաշատը հետաքրքրող հատվածին՝ ընտրակարգին, Իոաննիսյանը հրապարակեց իրենց մոտեցումը, որը հայտնի էր. «Ընտրակարգը պետք է լինի սովորական համամասնական, փակ համամասնական, բայց որ փակ են ասում, քաղաքացիների մոտ տպավորություն է, թե ցուցակը գաղտնի է պահվում: Սահմանադրությամբ է դա սահմանված, համամասնական ընտրակարգ պետք է լինի»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ ընտրակարգի թեմայով պատրաստվում են առանձին քննարկում անել, ուստի եթե կառավարական հանձնաժողովի որոշումը, այսպես ասած, «քարի վրա» գրված չէ, կարող են միասին քննարկել: Իոաննիսյանն ասաց, որ չի բացառում, որ այնպիսի կարծիք լսի, որը կփոխի իրենց դիրքորոշումը, ուստի հնարավոր է եւ մասնակցեն այդ քննարկմանը:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ ընտրակարգի հարցը քաղաքական որոշման հարց է, ոչ թե մասնագիտական: Այդ հարցը կքննարկեն ավելի ուշ:

Ընտրողների ցուցակների հետ կապված Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ինչ-որ մեխանիզմ պետք է ներդնել, որ մարդիկ, որոնք արտասահմանում մահանում են, դուրս գան ընտրացուցակից:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ իրենց ժամանակ ոստիկանությունը մեծ աշխատանք է կատարել, դռնեդուռ ընկել է եւ 20 տարի անվավեր անձնագրերով մարդկանց ճշտելով՝ հանել է ցուցակից: Հիմա այս իշխանությունն էլ կարող է 20 տարին 15, 10 տարի դարձնել ու դռնեդուռ ընկնելով՝ ճշտել:

Վիգեն Սարգսյանն էլ ասաց, որ եթե մեկ անձը հին անձնագրով քվեարկի, առնվազ 5-6 հոգու հետ հանցավոր համաձայնություն է պետք հանձնաժողովում, որ դա չնկատելու տան:

Դավիթ Հարությունյանը օրինակ բերեց, գուցե մարդ կա, որ կենսաչափական անձնագիրը տվել է դեսպանատուն՝ վիզա խփելու եւ գալիս է ընտրության մյուս անվավեր անձնագրով, ինչո՞ւ չքվեարկի, եթե դա նրա վերջին փաստաթուղթն է: Ի վերջո անվավեր անձնագրով քվեարկելու հարցի հետ կապված Իոաննիսյանն ասաց, որ կքննարկեն, գուցե գան ընդհանուր հայտարարի:

Մատների թանաքոտման, ընտրողների նախագրանցման, ID քարտերի հետ կապված հանձնաժողովը բացասական դիրքորոշում է ձեւավորել: Իոաննիսյանի խոսքով՝ «Մատնահետքերի հետ կապված երկու մոդել էր քննարկվում: Առաջինը հետեւյալն էր՝ նախապես համակարգում կա քաղաքացու մատնահետքը եւ երբ նա գրանցվում է, համակարգը ճանաչում է, որ այո, սա հենց այդ մարդն է, այլ մարդ չի փորձում իրեն դնել այլ ընտրողների տեղ: Բայց արտահերթ ընտրությունները կառավարության ծրագրի համաձայն պետք է լինեն մեկ տարում, մեկ ամիսը անցել է, ողջամիտ ժամկետը բոլոր ընտրողներից մատնահետք հավաքագրելու ID քարտերի բաժանումն է, 970 հազար քաղաքացի ունեն ID քարտ, ID ստացածների մի փոքր մասն էլ չափահաս չեն, 16-17 տարեկան են: 2016-ի սեպտեմբերից հետո 200 հազար քաղաքացին են, որ տասը մատն են տվել մատնահետք, մնացած բոլորի դեպքում երկու մատների հավաքագրմամբ է եղել, ընդ որում, տվել են ոչ թե մատնահետքի լուսանկարը, այլ՝ մատնահետքի հավաքագրումը հատուկ կոդի է վերածվել, ուստի այստեղ հավաքագրման խնդիր է լինելու: ID քարտեր մատակարարող կազմակերպության հետ համագործակցությունն ավարտված է: Պատվերը տալուց հետո երկար ժամանակ է պահանջվում: Եթե դուք այս պահին գնաք եւ խնդրեք ID քարտ անձնագրայինում, հիմա դեֆիցիտ կա, պետք է հիմնավորեք, որ ձեզ հրատապ այն պետք է, որ տան»: Նա ասաց, որ երբ փորձել են հստակեցնել, թե ինչ ժամկետ է անհրաժեշտ, որ բոլորին ID քարտ ապահովվի, պարզել են, որ գործընթացը որակյալ կազմակերպելու համար մեկ տարին բավարար չէ:

Իոաննիսյանը նշեց նաեւ, որ «խաչաձեւ ստուգման տարբերակի հետ կապված, երբ ընտրողը հանձնում է մատնահետքը եւ համակարգը արձանագրում է, որ ուրիշ տեղ այդ մատնահետքը չի սկանավորվել, այստեղ էլ խնդիրներ կան, կենտրոնական բազա ապահովելը խնդիր է, շատ տեղամասեր կահավորված չեն անհրաժեշտ ձեւով, անլար ինտերնետ է պետք՝ 3G կապով, իսկ այն բավական խոցելի է, դրա խոցելիությունը Դավիթ Հարությունյանն էլ էր առաջ բացատրում: Մատների սփրեյավորման տարբերակն էր քննարկվում, ինչպես Վրաստանում է, այստեղ էլ բավականին ռիսկեր հայտնաբերվեցին՝ անգույն թանաքի դեպքում: Ռիսկերը չեմ ուզում ասել, որ վրացիք չլսեն»:

Դավիթ Հարությունյանը կատակեց՝ «Ղարաբաղի բարբառով ասեք»:

Իոաննիսյանն ասաց, որ անգույն թանաքով կարելի է պատահաբար թանաքոտվել, անգույն թանաքները հաճախ ակումբներում են օգտագործվում, այստեղ կարող են խնդիրներ առաջանալ: ՀՀԿ-ականները լսելով՝ արձագանքեցին, թե ժամանակին, երբ մենք այդ խնդիրները նշում էինք, հակադարձում էիք:

Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ կառավարության ծրագրում ամրագրել են՝ եթե այդ տարբերակները չեն կիրառում, դա պետք է փոխարինեն այլ համարժեք եղանակով: Իոաննիսյանը խոստացավ, որ իրենք կգտնեն լուծում, որը կլինի համարժեք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031