Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարելի է չափել մարդկանց բոյերը միջինում ինչքան է եւ ասենք, եկեք մարդկանց վիտամիններ տանք, որ բոյ քաշեն». Դավիթ Հարությունյան

Հուլիս 10,2018 16:46

Այսօր ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների համար ձեւավորված ԱԺ աշխատանքային խմբի քննարկման ժամանակ վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց որոշ հարցերի հետ կապված իրենց հանձնաժողովի մոտեցումը:

Կառավարական հանձնաժողովը մտադիր է մեկ տոկոսով իջեցնել անցողիկ շեմը: ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը հարցրեց՝ անցողիկ շեմը իջեցնելու նպատակը ո՞րն է, խորհրդարանական հանրապետությունում խնդիր է դրվում, որ խոշոր ուժեր լինեն, ոչ թե մասնատված փոքրիկ խմբակցություններ, որոնց հետ միասնական դիրքորոշում դժվար կլինի ձեւավորել:

Իոաննիսյանն ասաց, որ աշխարհի ամենաժողովրդավարական 40 երկրներում, որտեղ համամասնական ընտրակարգն է, միջին թիվը շեմի 3.9 տոկոսն է: Ինչ վերաբերում է հայաստանյան իրողություններին, լավ կլինի պետության համար, եթե խորհրդարանում ներկայացվածությունը մեծ լինի: Նրա դիտարկմամբ, կայունության ապահովման համար այլ դրույթներ կան Սահմանադրությամբ ամրագրված եւ դրանք բավարար են:

Դավիթ Հարությունյանն արձագանքեց, որ վտանգավոր միտում է տեսնում, տարբեր օրենսգրքերից ինչ-որ հատված բերելով՝ խնդիր կլինի: Միջին թիվը հիմք ընդունելը, ըստ Հարությունյանի, անիմաստ է. «Եթե այդպես է, ուրեմն կարելի է չափել մարդկանց բոյերը միջինում ինչքան է եւ ասենք, եկեք մարդկանց վիտամիններ տանք, որ բոյ քաշեն…Այսօր ԱԺ ամենափոքր ֆրակցիան ՀՅԴ-ն է, 7 անդամ ունեն, ինչքանո՞վ է ճիշտ ունենալ դրանից ավելի փոքր ֆրակցիաներ, ճի՞շտ է դա, ես կարծում եմ, որ ՀՀ զարգացման տեսանկյունից ճիշտ չէ, ինչքան փոքրանում են ֆրակցիաները, կոնսոլիդացիան այդքան դժվարանում է հարցերի շուրջ: Քաղաքական դաշտը կգցենք անկայունության մեջ, դա կյանքի ու մահու խնդիր չի, բայց պետք է հասկանանք հստակ տեսլականը: Իմ խորին համոզմամբ, մենք այն փուլում չենք, որ նպատակահարմար է շեմը նվազեցնել»:

Վիգեն Սարգսյանն էլ ասաց, որ կարելի է ունենալ անսահմանափակ թվով ֆրակցիաներ, բայց արդյո՞ք դա օգնելու է կառավարմանը, թե՞ հակառակը:

Իոաննիսյանը պատասխանեց, որ Սահմանադրության դրույթները ԸՕ ներկայիս ձեւավորումները որեւէ կերպ չօգնեցին, որ ՀՀԿ-ի կառավարությունը մեկ տարի անգամ կառավարի: Այդտեղ ՀՀԿ-ականները արձագանքեցին, որ մեկը մյուսի հետ կապ չունի, դա այսպես ասած «ուրիշ սերիայից» է:

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ այն երկրներում, որտեղ անցողիկ շեմը նվազեցրել են, կոռուպցիայի մակարդակն իջել է: Վիգեն Սարգսյանը հորդորեց տալ այդ երկրների ցանկը: Իոաննիսյանը խոստացավ դա անել ավելի ուշ:

ՀՅԴ անդամ Սպարտակ Սեյրանյանը մտավախություն ուներ, որ սա սխալ ուղերձ է լինելու քաղաքական դաշտին, որ ոչ թե զարգանան, աշխատեն իրենց վրա, իրենց ծրագրերի վրա, հաջորդ ընտրություններին ավելի լավ մասնակցեն, այլ՝ դրանով ասում են, որ եթե չեն ընտրում ձեզ մարդիկ, շատ ձայն չեք հավաքում, ոչինչ, մենք շեմը կիջեցնենք 4, 3 տոկոս, ինչ է թե դուք անցնեք ԱԺ:

Իոաննիսյանն ասաց, որ հարյուր հազարավոր ձայներ նախորդ ընտրություններին փոշիացան, դրա համար են մտածել շեմն իջեցնել: Ռուստամյանը համաձայնեց՝ փաստելով, որ 20 տոկոսից ավելի ձայն փոշիացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031