Հուլիսի 10-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Դովեղ գյուղ էին այցելել «Վիվասել–ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Դովեղ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրի Սարգսյանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Նոյեմբերյան համայնքի (որը ներառում է նաեւ Դովեղ գյուղը )ղեկավար Կարեն Աբազյանը: Նրանք գյուղի կենտրոնից քայլեցին դեպի պոմպակայան, ծանոթացան դրա աշխատանքին:
Դովեղի հողերի մեծ մասը գտնվում է Ադրբեջանի սահմանագոտում, չի մշակվում: Գյուղի տնամերձ 44 հեկտար հողերը մշակելու համար գործարկվել է ոռոգման ջրագիծ,որը անտառներից եկող ինքնահոս ջուրը պոմպերով մղում է տնամերձ հողամասեր: Դովեղի վարչական ղեկավար Սամվել Գոգինյանն ասաց, որ Դովեղը օգտվում է սահմանամերձ գյուղերին տրված սոցիալական արտոնություններից, այդ թվում՝ ոռոգման ջրի գնի կիսով չափ զեղչից:
Դովեղի ոռոգման ջրագծի կառուցման համար ծախսված 17 միլիոն դրամից 8.7 միլիոն դրամը իր անձնական միջոցներից տրամադրել է Ռալֆ Յիրիկյանը: «Դովեղ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրի Սարգսյանը հայտնեց, որ մնացած գումարը «Դովեղ» հիմնադրամի միջոցով նվիրաբերել են մի շարք գործարարներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ