«Այդ լուրերը կեղծ են: Այն, ինչ անում է Հայր Կորյունը, կեղծ է ինձ համար»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամ տեր Կորյուն քահանա Առաքելյանի հայտարարությանը, թե Մայր Աթոռի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը որոշ գյուղացիների գիշերը հրահանգել է հարձակվել Մայր Աթոռում նստացույց անող ցուցարարների վրա, ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Ինչ վերաբերում է տեր Կորյունի պնդմանը, թե որոշ հոգեւորականներ պատրաստ են իրենց զենքով հեռացնել Մայր Աթոռի տարածքից, տեր Վահրամն ասաց. «Ոչ ականջալուր եմ եղել նման բանի, ոչ ականատես: Պարզապես այս ամենը վրդովեցնում է Մայր Աթոռի միաբաններին»:
Հետաքրքրվեցինք՝ Մայր Աթո՞ռն է ոստիկանությանը կարգադրել այսօր հեռացնել ցուցարարներին:
«Ոստիկանությունն ինքն է պատասխանատու իր գործողությունների համար: Մայր Աթոռը չի կարող իրավապահներին որեւէ կարգադրություն անել: Երբ օրեր առաջ ցուցարարները գրավեցին դիվանատան շենքը, մենք իրազեկեցինք այդ մասին իրավապահներին: Դրանից հետո որեւէ դիմում չենք արել, բայց նաեւ հրապարակավ տեղեկացրել ենք, որ նման պայմանները հնարավորություն չեն տալիս, որպեսզի Մայր Աթոռն իր աշխատանքը լիարժեք իրականացնի»,-պատասխանեց տեր Վահրամը:
Հիշեցնենք, որ Մայր Աթոռի Գերագույն հոգեւոր խորհրդի որոշմամբ՝ տեր Կորյունն այսօր կարգալույծ չարվեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ