Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացատրություններ վերցրել ենք, բայց հայտնի չէ, թե բուհում հավաքագրված վարձավճարներն ի՞նչ են եղել»․ Շիրակի դատախազ

Հուլիս 10,2018 16:15

Ինչպես հայտնի է, Շիրակի պետական համալսարանում կատարված ուսումնասիրությունների հիման վրա բացահայտվել են խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր, որոնց առթիվ քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզի դատախազությունում։

Ըստ դատախազության տարածած հաղորդագրության․ «Համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինստիտուտի 2010-2012թ.թ. 2 ուսումնական տարիներին, որպես ուսումնական վարձավճարներ, կանխիկ հավաքագրվել է ընդհանուր 1.185.492.655 ՀՀ դրամ գումար, որից 722.285.794 դրամ գումարը մուտքագրվել է դրամարկղ, իսկ մնացած 463.206.861 դրամը մուտքագրվելու վերաբերյալ փաստեր ձեռք չեն բերվել:

Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ 2012-2016թթ. ուսումնական տարիների ընթացքում բուհում հրավիրվել է դեկանատների գործավարների ժողով և հանձնարարվել կազմակերպել դրամահավաք դիպլոմների և դրանց միջուկների տպման աշխատանքները կազմակերպելու համար՝ յուրաքանչյուր շրջանավարտից 5.500 ՀՀ դրամի չափով: Արդյունքում չորս տարում շրջանավարտներից հավաքագրվել է ընդհանուր շուրջ 20.000.000 ՀՀ դրամ՝ այն դեպքում, երբ դրա համար բուհի բյուջեով նախատեսված են եղել համապատասխան միջոցներ»:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեցինք՝ չե՞ն հարցաքննվել համապատասխան աշխատակիցներ, որոնք կասեին, թե ի՞նչ են եղել ուսանողներից հավաքագրված գումարները։

Դատախազն ասաց․ «Բացատրություններ վերցվել են, սակայն նրանց բացատրություններով չի հիմնավորվում, թե նշված գումարները ինչ են եղել, որտեղ են ծախսվել։ Եվս մեկ անգամ փաստեմ, որ նյութերի նախապատրաստման ընթացքում նշված գումարները բուհի բյուջե մուտքագրելու վերաբերյալ որևիցե հիմնավոր տվյալ ձեռք չի բերվել։ Կկատարվեն բոլոր քննչական և այլ դատավարական գործողությունները, այդ ամենը կպարզվի, կոնկրետ անձանց , այդ թվում բուհի պաշտոնատար անձանց գործողություններին կտրվի քրեաիրավական գնահատական»,- ասաց դատախազը։

Դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի՝ բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ենթադրյալ ապօրինությունների մասին հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործի կապակցությամբ էլ դատախազը տեղեկացրեց, որ կատարվում են ակտիվ քննչական գործողություններ, նշանակված են մի քանի փորձաքննություններ, այդ թվում ստուգումներ։

«Նշված փորձաքննությունների, ստուգումների եզրակացությունները ստանալով, դրանց արդյունքներն ուսումնասիրելով՝ ևս համապատասխան անձանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց արարքներին կտրվեն քրեաիրավական գնահատականներ»,-ասաց դատախազը։

Նշենք, որ հարուցված քրեական գործի մասին այսօր հայտարարություն է տարածել նաև բուհի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանը:

«Հարգելի հայրենակիցներ,

այսօր լրատվամիջոցները տարածել են նյութ, որտեղ նշվում է Շիրակի պետական համալսարանում իմ ղեկավարած տարիներին խախտումներ հայտնաբերելու մասին տեղեկություններ:

Ես համոզված կարող եմ ասել, որ իմ աշխատած տարիների ընթացքում վերոնշյալ խախտումների մասին՝ մասնավորապես վարձավճարների դրամարկղ չմուտքագրվելու մասով որևէ շեղում կամ խախտումներ չէին կարող լինել:

Նշված տարիներին բուհի ֆինանսական գործունեությունը բազմիցս ուսումնասիրվել և ստուգման է ենթարկվել տարբեր ֆինանսական կառույցների կողմից, նման խախտումներ չեն արձանագրվել, դրանք վավերացված են ստուգման ամփոփիչ արձանագրություններում:

Ես լիահույս եմ, որ քննչական մարմինները կլինեն անաչառ և կպարզեն իրողությունները»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gugo says:

    Կարեն Գաբրիելյանը Սահակ Մինասյանի մոտ ընկերն է և ի սկզբանե ամեն ինչ արել է Մինասյանի հանցանքները կոծկելու համար,իսկ հետո էլ ստիպված հարուցելով այն մեղմ հոդվածով է առաջ տվել։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031