Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսպիսի խառնուրդ իրականության և կեղծ բաների. պարզապես իր կողմից փորձ է մեր աշխատանքը խանգարելու». Ռուբեն Գևորգյանը՝ Հայկ Դեմոյանի մասին

Հուլիս 10,2018 16:12

«Այսպիսի խառնուրդ իրականության և կեղծ բաների. պարզապես իր կողմից փորձ է մեր աշխատանքը խանգարելու»,- «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ (skype/տեսազանգ Փարիզից) Ռայմոնդ Գևորգյանը՝ անդրադառնալով թանգարանի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի գրառումներին:

Պարոն Գևորգյանն ասաց, թե այս պահին ճշգրիտ պատկերացում չունի թանգարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց տարբեր խոսակցություններից հասկացել է, որ ներկայիս փոխտնօրենն աշխատել է նախկին տնօրենի ճնշման տակ. «Պիտի նոր հիմքերի վրա կարգուկանոնի բերենք թանգարանը, նոր տնօրեն նշանակենք: Պարզ է, որ թանգարանը կարևոր դեր կարող է ունենալ ցեղասպանության և ընդհանուր առմամբ մասսայական ոճիրների դաստիարակչական ոլորտներում, ոչ միայն համալսարանական մակարդակում: Գործիքներ պիտի պատրաստենք ուսուցիչների համար: Մյուս ուղղությունն է այն, որ պետք չէ Հայոց ցեղասպանությունն առանձնացնել 20-րդ դարի մյուս մասսայական ոճիրներից: Պետք է այն դնել ընդհանուր ոլորտների մեջ: Նոր գիտական քաղաքականություն պիտի դնենք ընթացքի մեջ, նոր միջազգային չափանիշներով, լեզու իմացող գիտնականներ պիտի պատրաստենք: Կարևոր է նաև փիարի հարցը. միայն տնօրենը չպետք է դրսում երևա»:

Դառնալով Հայկ Դեմոյանի այն հայտարարություններին, թե Ռուբեն Գևորգյանը ժամանակին խոչընդոտել է Փարիզում միջոցառման անցկացմանը, Ռուբեն Գևորգյանը պարզաբանեց. «ՀՀ դեսպանատունն է ձգձգել այս առաջարկը: Գործը տրված էր Հայկ Դեմոյանին. ես գործ չունեի այդ ծրագրի հետ: 2015-ի մայիսին որոշում եղավ, որ պետք է կատարվի ամբողջ ցուցահանդեսը, սակայն ծրագիր չկար, որ ներկայացվեր քաղաքապետարանին, որ հաշվարկ կատարվեր: Այդ ժամանակ ինձ կանչեցին  դեսպանատուն, և կցորդի հետ խորհրդակցեցինք: Ինձ ասացին, որ միջամտեմ ու ծրագիր մշակեմ: Հուլիսի վերջն էր, որ ծրագրից ինը ամիս առաջ գրեթե պաշտոնապես նշանակվեցի գործը կազմակերպող: Ամեն ինչ արեցի, որ սեպտեմբերի սկզբին այդ ծրագիրը ներկայացվի քաղաքապետարան: Քաղաքապետարանի մի մասը դեմ էր այդ ծրագրին և վերջիվերջո քաղաքապետը որոշում կայացրեց, որ կատարվի: Պարոն Դեմոյանը, երբ հոկտեմբերին ծրագիրը կար ու գործի էինք անցել, գրեց, որ կազմակերպիչն ինքն է: Չուզեցի նման զարմանալի բանի պատասխանել ու դեսպանատնից խնդրեցի, որ իրենք զբաղվեն այս հարցերով: Որ հայտարարում է, թե արգելք եղավ, մարդիկ փորձեցին խանգարել, պարզապես բանակցություններ էին մեծ հաստատության հետ, որը հեշտ չէ»:

Հարցին՝ ծրագրեր կա՞ն, որ արտասահմանում՝ հատկապես հայաշատ գաղթօջախներում, ստեղծվեն ցեղասպանության թանգարաններ, պարոն Գևորգյանը պատասխանեց. «Երկու ծրագիր կա: Լիբանանում թանգարան է ստեղծվել, այն 2015-ին է բացվել և հատկացված է ցեղասպանության որբերին, հետևանքների վերաբերյալ է, և հիմա աշխատում ենք երկրորդ ծրագրի վրա: Թանգարան պետք է բացվի Երուսաղեմի պատրիարքարանում: Այս երկու ծրագրերը ցույց են տալիս, որ տարիներով մեր արտահայտվելու ձևը խաչքարներն էին, հիմա անցանք ավելի մանկավարժական բնույթ ունեցող ծրագրերի: Պետք է ցեղասպանությունը մատչելի դարձնել ոչ միայն հայերին, այլ ավելի ընդարձակ բազմությանը, զբոսաշրջիկներին: Ավելի տրամաբանական կլինի տեղական հաստատությունների հետ համագործակցությունը»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պարզաբանեց՝ այնպես չէ, որ թանգարանն ունեցել է հոգաբարձուների խորհուրդ և հիմա նոր տնօրեն են ընտրվել: Թանգարան-ինստիտուտի կարգավիճակը փոխվել է: Նախկինում այն գտնվում էր ՀՀ ԳԱԱ կառուցվածքում, հիմա ԿԳՆ-ի լիազորության ներքո: Ուստի առաջին անգամ է, որ ստեղծվել է հոգաբարձուների խորհուրդ: Ըստ տիկին Խառատյանի՝ Հայկ Դեմոյանի վաստակը թույլ էր տալիս, որ իր պատկերացումները ներդնի և նոր կարգավիճակում ներկայացնի, ու դրանք ընդունելի լինեն հոգաբարձուների խորհրդի կողմից: Սակայն տիկին Խառատյանի համար մտահոգության հիմնական առարկան  թանգարան-ինստիտուտի հետագա զարգացումն է. «Ընդհանուր խնդիրը սա է: Իհարկե, մարդկային հարաբերություններն ազդում են բոլոր գործընթացների վրա: Ես խոսել եմ պարոն Դեմոյանի հետ, գիտեմ, որ նա մեծ համակրանք է ունեցել առնվազն պարոն Գևորգյանի վաստակի ու անձի վերաբերյալ»:

Տիկին Խառատյանի տեղեկացմամբ՝ հուլիսի 16-ին լինելու է հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, պետք է թանգարանում լինի աուդիտ, հոգաբարձուների խորհուրդը պետք է ընդունի թանգարանը, այս պահին ժամանակավոր պաշտոնակատար է, մինչև թանգարանի նոր տնօրեն ընտրվի:

Տիկին Խառատյանը նշեց, որ հատկապես կարևոր է սերնդային հիշողությանն ու դրա վերաբերյալ տարվող քաղաքականությունը. «Սա մի անծայր օվկիանոս է, որը միայն թանգարան-ինստիտուտի գործը չէ: Հոգաբարձուների խորհուրդը պիտի տեսնի ու քննարկի այս երևույթը թե  հայագիտական որ ասպեկտով և մեթոդաբանությամբ է այն կառուցվելու և հնարավորություններն ինչպես պիտի զարգացնեն: Հրապարակի վրա հենց առաջինը այս կառույցն է հանդես գալիս և տիրապետում փաստերին ու ցուցանմուշային բազային, որով երևում են Հայոց ցեղասպանության  իրողությունները»: Տիկին Խառատյանն ի պատիվ Հայկ Դեմոյանի նշեց, որ նա բավականին հարուստ գրադարան է ստեղծել ու այն պիտի համալրել և լայնորեն շրջանառել մասնագիտական ու հանրային շրջանակներում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031