Լրահոս
Օրվա լրահոսը

Էրիկ Գրիգորյան. «Հանքարդյունաբերության նման ծավալների զարգացումը Հայաստանի համար հեռանկարային չէ»

Հուլիս 10,2018 16:04

Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինն արդեն ստուգումներ է սկսել Ամուլսարում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է ընկերությունը շահագործման նախագիծը փոփոխության ենթարկի, նախարարը պատասխանեց.«Քանի որ ե՛ւ գրավոր , ե՛ւ բանավոր եղել են որոշակի մեկնաբանություններ, որ լուծումները տարբեր են եղել, մենք նախապատրաստել ենք գրություն, այսօր կուղարկենք կազմակերպությանը, եթե կան նախագծային փոփոխություններ, ապա, ըստ շրջակա միջավայրի ազդեցության գնահատման օրենսդրության, այդ փոփոխությունների դեպքում նոր փորձաքննական գործընթաց պետք է անցկացվի»:

Նախարարի խոսքերով՝ տեսչական մարմինը Ամուլսարի հանքի շահագործման գործընթացում ստուգումներն իրականացնում է եւ բնապահպանական, եւ փաստաթղթային մասով: Ստուգումները նախնական 10 աշխատանքային օր է:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք Ամուլսարը պետք է շահագործվի, Գրիգորյանը պատասխանեց.«Ես կարծում եմ հանքարդյունաբերության նման ծավալների զարգացումը Հայաստանի համար հեռանկարային չէ, քանի որ Հայաստանն իր կենսաբազմազանական հարստությամբ, բնական ռեսուրսներով աշխարհի գլոբալ բնապահպանական հիմնական կետերից մեկն է»:

Դիտարկմանը՝ եթե արգելվի հանքի շահագործումը, ապա շահագործող «Լիդիան Արմենա» ընկերությունը «սպառնում է» դատական հայց ներկայացնել Հայաստանի դեմ, նախարարն այսպես արձագանքեց. «Ոչ ոք սպառնալով չպետք է խոսի: Ուղղակի կան իրավական հարցեր: Օրինակ՝ Հայաստանի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ 1996 թվականին ստորագրված ներդրումների խթանման ու պահապանման հետ կապված համաձայնագիր կա, որտեղ կան որոշակի երաշխիքներ: Կարծում եմ՝ դրա մասին է խոսքը գնում: Սակայն մեր բոլոր գործողություններն այս պահին օրենսդրության շրջանակներում են, որպեսզի չկատարենք այնպիսի քայլեր, որոնց հետեւանքով կարող են իրավական, ֆինանսական, վարկանիշային ռիսկեր առաջանալ Հայաստանի համար»:

Կարծիքներ են հնչում, որ եթե բացահայտվի որեւէ կոռուպցիոն գործարք, որի միջոցով ընկերությունը հանքը շահագործելու թույլտվություն է ստացել, ապա չի կարող դատարան դիմել, Գրիգորյանը պատասխանեց՝ «Նման դեպքերում կան իրավական գործընթացներ: Եվ կարծում եմ միջազգային գործընթացները չեն կարող պաշտպանել մի գործընթաց, որի մեջ արդեն կան իրավական խնդիրներ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031