«Գիշերը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի կարգադրությամբ մի խումբ գյուղացիներ ուզում էին մեր վրա հարձակվել: Հետո որոշեցին առավոտյան դա անել: Մենք էլ ոստիկաններին ահազանգեցինք, որ մեր դեմ նման սադրանք են հրահրում»,-այս մասին Մայր Աթոռում լրագրողներին հայտնեց Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամ տեր Կորյուն աբեղա Առաքելյանը:
Նրա փոխանցմամբ՝ չնայած իրենց ահազանգին, ոստիկանությունն առավոտյան հենց իրենց է հեռացրել Մայր Աթոռի տարածքից: Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները նստացույց էին անում:
«Մենք համոզված ենք, որ ոստիկանությունը մեզ հեռացրել է մեր իսկ անվտանգության համար, ոչ թե նրա համար, որ ցանկացել է կաթողիկոսին պաշտպանել»,-վստահություն հայտնեց Հայր Կորյունը: Ապա նա նշեց. «Որոշ հոգևորականներ ասել են, որ պատրաստ են զենքի ուժով մեզ հեռացնել Մայր Աթոռի տարածքից, եթե պետությունը չմիջամտի»:
Հիշեցնենք նաեւ, որ Մայր աթոռում այսօր կայացել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով. օրակարգում Հայր Կորյունին կարգալույծ անելու հարցն էլ է եղել. որոշվել է նրա համար սահմանել ապաշխարհության շրջան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ