Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետության եւ իրավունքի տեսության դասագրքեր կարդացեք, լա՞վ». Վիգեն Սարգսյանը՝ Իոաննիսյանին

Հուլիս 10,2018 15:43

Այսօր ԱԺ-ում «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների համար ձեւավորված աշխատանքային խմբի անդամները հանդիպեցին վարչապետին կից ստեղծված ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի հետ՝ քննարկելու կառավարության մոտեցումները:

Արդեն հրապարակել ենք, թե ինչպես արձագանքեցին պատգամավորները, երբ Իոաննիսյանն ասաց՝ «Մենք այստեղ չենք գալու ինչ-որ բազար անելու»: Այդ «բազար» բառը դուր չեկավ պատգամավորներին, սկսվեց բանավեճ: Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ սա քաղաքական մարմին է, այստեղ քաղաքական որոշումեր են կայացվում, իսկ իրենց հանձնաժողովը մասնագիտական է:

Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ մասնագիտական հանձնաժողովները ստեղծվում են՝ ձեւակերպելու համար այն կոնսենսուսը, որը կա քաղաքական ուժերի մեջ, գոնե քաղաքակիրթ երկրներում այդպես է: Եթե դուք պնդում եք, որ դուք մասնագիտական հանձնաժողով եք, ինձ մոտ հարց է՝ ո՞վ է ձեզ պատվիրել Ընտրական օրենսգիրք ձեւավորել: Ի՞նչ եք դուք գրում, Ընտրական օրենսգրքերի 150 տեսակ կա, ո՞ր մոդելն եք վերցնում, ո՞վ է քվեարկելու դրա համար խորհրդարանում»:

Նա նաեւ հարցրեց, թե ի՞նչ փորձագիտական հանրություն կա իրենց հանձնաժողովում:

Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ ՀՀԿ-ն գնացել է կոնսենսուսային «Ընտրական օրենսգիրք» ունենալու ճանապարհով:

Իոաննիսյանն էլ պատասխանեց. «Հանձնաժողովը կառավարության կամ որեւէ մարմնի իրավաբանական վարչությունը չէ, որ պատվեր իջեցվի եւ մենք էլ այդ պատվերի հիման վրա ինչ-որ բան գրենք: Հանձնաժողովը լսելով կողմերին՝ ձեւավորում է դիրքորոշում եւ անում է դա շատ ավելի ներառական ձեւով, քան արվում էր նախկինում, երբ դուք էիք իշխանության: Ամիսներ առաջ նախագիծն արվում էր ու գաղտնի էր պահվում: Մի ստիպեք, որ ես սկսեմ ամեն ինչ հիշեցնել»: Նա ասաց, որ իրենք «Ընտրական օրենսգրքի» հայեցակարգը, նախագիծը մշակելիս հաշվի են առնում կառավարության ծրագիրը եւ այն խոստումները, որ տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ Իոաննիսյանի, իրենց հանձնաժողովը ոչ թե պատվեր է կատարում, այլ պատվեր է ձեւավորում, թե ինչպիսի «Ընտրական օրենսգիրք» է պետք՝ արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար. «Մենք պատվեր կատարող իրավաբանական վարչություն չենք»:

Վիգեն Սարգսյանը արձագանքեց. «Պետության եւ իրավունքի տեսության դասագրքեր կարդացեք, լա՞վ: Էլեմենտար, պարզ, հասարակ բան է դա: Պատվեր ձեւավորելը քաղաքական ուժերի խնդիր է: Եթե դուք մասնագիտական հանձնաժողով եք, դուք տիրապետում եք ԸՕ ձեւավորելու միայն մի փոքր հատվածային մասին: Դուք ի՞նչ փորձառություն ունեք, որ Ընտրական օրենսգիրք գրեք, ձեր հանձնաժողովի բոլոր անդամները»:

Ռուստամյանը դասագրքեր կարդալու հետ կապված փորձեց միջամտել՝ հորդորելով որակումներ, նման գնահատականներ չտալ: Իսկ Իոաննիսյանը պատասխանեց, որ գուցե ՀՀ-ում շատ թերագնահատված է նախընտրական խոստումներին ուշադրություն չդարձնելը, բայց իրականում խոստումներին հետեւելը շատ կարեւոր է եւ ինչ ասել է վարչապետը, պետք է փորձել իրագործել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031