Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Խաչատրյան. «Մարտի 1-ի գործով Քոչարյանը կարող է բերման ենթարկվել. եթե անհրաժեշտություն լինի՝ Մանվել Գրիգորյանն էլ կհարցաքննվի»

Հուլիս 10,2018 15:26

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի մեկի գործով որպես վկա հարցաքննելու համար 2-րդ ծանուցագիրն է ուղարկվել, նա պետք է Հատուկ քննչական ծառայություն ներկայանա հուլիսի 26-ին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա ասաց՝ չնայած նրան բերման ենթարկելու որոշում ՀՔԾ-ն դեռեւս չի կայացրել, սակայն, ըստ օրենքի, հարցաքննության չներկայանալու դեպքում հնարավոր է նրան բերման ենթարկեն. «Վկան հարցաքննության չներկայանալու հարգելի պատճառների մասին պարտավոր է նախապես տեղյակ պահել վարույթն իրականացնող մարմին, հակառակ դեպքում կարող է բերման ենթարկվել հարկադիր կարգով: Տվյալ դեպքում պարոն Քոչարյանը մեզ չներկայանալու հարգելի պատճառների մասին չի հայտնել»:

Խաչատրյանի ներկայացմամբ՝ Քոչարյանի գրասենյակից ՀՔԾ-ին փոխանցել են, որ վերջինս գտնվում է արտերկրում եւ հուլիսի 25-ից շուտ չի կարող ներկայանալ. «Հաշվի առնելով նաեւ նախկին նախագահի անձը՝ այս պահին մենք բերման ենթարկելու որոշում չենք կայացրել, ընդամենը կրկին անգամ այսօր ծանուցագիր է ուղարկվել նրան եւ առաջարկվել որպես վկա ներկայանալ հարցաքննության հուլիսի 26-ին: Նա չներկայանալու հարգելի պատճառների մասին պարտավոր է տեղյակ պահել, հակառակ դեպքում կարող են կիրառվել դատավարական հարկադիր միջոցներ»:

Հարցին՝ Քոչարյանի գրասենյակից առաջարկում են, որ ոչ թե վերջինս ներկայանա վարույթն իրականացնող մարմին, այլ՝ մեկ այլ տեղ ու ժամ պայմանավորվեն հարցաքննության համար, Խաչատրյանը պատասխանեց. «Ոչ: Որպես կանոն վկայի հարցաքննությունը իրականացվում է վարույթ իրականացնող մարմնի գտնվելու վայրում: Բացառիկ դեպքերում կարող է հարցաքննությունն իրականացվել վկայի գտնվելու վայրում, բայց այդ դեպքերը ողջամտորեն զատել այսպես՝ եթե օբյեկտիվորեն անհնար է բերել վարույթն իրականացնող մարմին, ասենք նա ծանր հիվանդ է, կամ գտնվում է այնտեղ, որտեղից հնարավոր չէ բերել: Բայց Քոչարյանի դեպքում չեմ կարծում նման անհաղթահարելի ուժ կա, որը խոչընդոտում է նրա՝ վարույթն իրականացնող մարմին ներկայանալու»:

Aravot.am-ի հարցին՝ Մարտի 1-ի գործով Քոչարյանի մեղքի բաժինը որքա՞ն է ըստ գործի նյութերի, Խաչատրյանը պատասխանեց՝ «Այս պահին չեմ ուզում պատասխանել»: Մեր մյուս հարցին՝ Քոչարյանն իր հարցազրույցում, Մարտի 1-ի գործով սլաքներն ուղղում է դեպի գեներալ Մանվել Գրիգորյանը, հնարավո՞ր է Գրիգորյանն էլ այդ գործով հարցաքննվի, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ ուզում դա մեկնաբանել: Ես Քոչարյանի մամուլի խոսնակը չեմ»:

Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին հարցաքննելուն, ապա Խաչատրյանը պատասխանեց.«Եթե անհրաժեշտություն առաջանա, ապա կհարցաքննվի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031