Զինակոչիկները, որոնք ընտանիքի միակ արու զավակն են եւ ընտանիքում ունեն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների, զինված ուժերում կամ այլ զորքերում, կամ ՀՀ միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված հայր, մայր, քույր, եղբայր, կազատվեն զինվորական ծառայությունից: Այս նախագիծը եւս այսօր արժանացավ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությանը: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հստակեցրեց`սա բարոյական պարտավորվածություն է պետության կողմից: Ժամանակին այս դրույթը եղել է «Զինապարտության մասին» օրենքում, հետագայում, փոփոխությունների արդյունքում դուրս է մնացել: Այժմ վերականգնում են:
Գաբրիել Բալայանն ասաց, որ 2013 թվականից սկսած, երբ դրույթը ուժի մեջ է եղել, նվազման դինամիկա կա: 2013-ին այս դրույթով, պարտադիր զինծառայությունից ազատվել է 26 քաղաքացի, 2014-ին` 23 քաղաքացի, 2015-ին` 15 քաղաքացի եւ այլն: 2018-ին, այս արտոնությամբ ընդամենը յոթ մարդ է ազատվելու պարտադիր զինծառայությունից:
Մանրամասները` տեսանյութում
Կառավարության ներկայացրած մեկ այլ լրացմամբ էլ, լիազոր մարմնին հնարավորություն կտրվի պաշտպանության նախարարին ցանկ ներկայացնել այն զորակոչիկների, որոնք 2017-ին տարկետման իրավունքով ընդունված ուսանողներ են եւ որոնց զինապարտության տարիքը դեռ լրացած չէր, ուստի տարկետումը պաշտոնապես ամրագրված չէ: Ներկայացվող ցանկով, պաշտպանության նախարարը կտրամադրի տարկետումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ