Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այստեղ չենք գալու ինչ-որ բազար անելու». Իոաննիսյանը՝ պատգամավորներին

Հուլիս 10,2018 13:34

Այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների համար ձեւավորված աշխատանքային խմբի անդամները հանդիպեցին վարչապետին կից ստեղծված ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի հետ՝ քննարկելու կառավարության մոտեցումները:

Իոաննիսյանն ասաց, որ ինքը պատրաստ չէ այսօր ներկայացնել կառավարության ամբողջական մոտեցումը, որովհետեւ հարցեր կան, որոնք դեռ պետք է քննարկեն, կարող է զուտ հանձնաժողովի կողմից մի քանի հարցի շուրջ ձեւավորված հստակ որոշումը փոխանցել, որը հայտնի է: Իոաննիսյանի խոսքով՝ «Ինչպես գիտեք, վարչապետի ընտրություններից առաջ հստակ խոստում է եղել, որ արտահերթ ընտրություններից առաջ ընտրական բարեփոխումներ են լինելու, որոնք ապահովելու են Հայաստանի պատմության մեջ ամենաժողովրդավար ընտրությունները: Մեր հանձնաժողովը պատրաստելու էր փաթեթը, որը կապահովի այդ խոստման իրականացումը: Մենք բուն նախագծի մշակման փուլին չենք հասել, հայեցակարգի մշակման փուլում ենք: Օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրակարգի հետ կապված հարցեր չենք քննարկել: Երբ հայեցակարգի ամբողջական տեսքը պատրաստ կլինի, այն կներկայացվի հանրությանը, ձեր դատին: Ամեն դեպքում, մեր աշխատանքային խումբը նախագիծ է պատրաստելու, դրանով չի սահմանափակվում ԱԺ պատգամավորների իրավունքը՝ իրենց նախագիծը շրջանառության մեջ դնելու: Մենք անելու ենք, ինքնանպատակ չէ միայն այնպիսի նախագիծ բերելը, որը միայն մեր հանձնաժողովի անդամների տեսակետը կլինի: Մենք իրականացնում ենք հանրային քննարկումներ, հիմնվում ենք հնչեցված առավել կոնսենսուսային մոտեցումների վրա, հայեցակարգը կմշակենք, որից հետո կլինի ԸՕ-ում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը»:

Պատգամավորները փորձեցին հստակեցնել՝ միասնական նախագի՞ծ են իրենք ներկայացնելու կառավարական հանձնաժողովի հետ, թե՞ առանձին-առանձին:

Իոաննիսյանը պատասխանեց. «Մեր հանձնաժողովը մասնագիտական հանձնաժողով է, մենք լսում ենք բոլորի առաջարկությունները անկախ նրանից, թե ով է այդ առաջարկն անողը, կա՛մ ընդունում ենք այն, կա՛մ հիմնավոր կերպով ասում ենք, որ այդ առաջարկն իրագործելի չէ, վատն է եւ այլն: Այսպիսին է մեր աշխատանքի ձեւաչափը: Նախկինում քննարկումների ֆիզիկապես ներկա չեմ եղել, բայց լսել եմ այստեղ քննարկված հարցերը, քննարկել ենք դրանք, ինչ-որ գաղափարներ հանձնաժողովը քննարկել է, դրանք արժանացել են հավանությանը եւ անգամ ամրագրվել են հայեցակարգի նախագծում: Բայց ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք քաղաքական այս հանձնաժողովի եւ մասնագիտական մեր հանձնաժողովի աշխատանքները համատեղել: Մեզ համար տարբերություն չկա՝ առաջարկը անողը ինչ-որ քաղաքացի է, թե պատգամավոր: Կարեւորը առաջարկի բովանդակությունն է: Մենք այստեղ չենք գալու ինչ-որ բազար անելու: Մենք զուտ ուզում ենք լսել առաջարկությունները եւ այդ առաջարկությունները քննարկել մասնագիտական առումով:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որը վարում էր ԱԺ աշխատանքային խմբի նիստը, արձագանքեց՝ «Մենք այստեղ բազար չենք անում»:

«Բազար» բառը դուր չեկավ պատգամավորներին, սկսվեց բանավեճ: Մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Չեմ մասնակցում ընտրությունների, որովհետև համարում տխմար ցբաղմունք: Վերջնականապես զզվեցի էս ամեն ինչից, երբ տեսա, թե ով է փորձում ընտրական օրենսգիրքը բարելավել: Ֆիզֆակի տհաս շրջանավարտը խոսում է մասնագիտական հանձնաժողովի մասին: Արդեն ծիծաղելի էլ չէ, պարզապես զզվելի է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031