Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը բացի առաջինը լինելու մասով ինքնին ուշագրավությունից, հետաքրքիր է նաև մեկ այլ իրողության ֆոնին, որը կարող ենք բնորոշել որպես «Բաքվի տենդ»: Բանն այն է, որ Ադրբեջանը մի քանի օր առաջ Մինգեչաուրի ՀԷԿ-ի վթարի պատճառով հայտնվել էր խավարում: Մայրաքաղաք Բաքուն և մի շարք այլ խոշոր բնակավայրեր հոսանքազրկվել էին: Հունիսի 26-ի ռազմական շքերթում ցուցադրած Ադրբեջանի, այսպես ասած, հզորությունը կամ մկանները մի վայրկյանում պայթել էին: Հետո եղել է նաև մահափորձ Գյանջայի քաղաքապետի դեմ: Այն, որ Ալիևը մահափորձի գործը վերցրել էր իր անձնական հսկողության ներքո, վկայում է, թե Բաքվում ինչպիսի նշանակություն են տվել տեղի ունեցածին: Օրեր անց էլ պաշտոնապես հայտարարվեց՝ իրավապահների համատեղ հայտարարության միջոցով, որ Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձը եղել է ավելի լայն հեղաշրջման և Ադրբեջանում իսլամական ծայրահեղության հաստատման փորձ:
Ահա Ադրբեջանում այդ տենդագին ֆոնին տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո, ըստ էության՝ նաև Բրյուսել Նիկոլ Փաշինյանի առաջին այցի շրջանակում: Ակնառու էր, որ Բաքուն, զգալով Հայաստանի նոր իշխանության ահռելի առավելությունը միջազգային վարկի և քաղաքական կշռի տեսանկյունից, վերջին երկու-երեք ամիսներին, ըստ էության, ինտենսիվացրել էր ռազմական հռետորաբանությունը՝ Հայաստանից իր ակնկալվող «ինտենսիվ բանակցությունները» ստանալու համար: Ու ակնհայտ է նաև, որ Բաքուն այդ իմաստով չի շտապում քաղաքական շփումների հարցում՝ ռազմական-մկանների ցուցադրության հարցում դրսևորելով ավելի ու ավելի ագրեսիվություն, նոր հեռահար հրթիռներ Բելառուսից, Իսրայելից, կուտակումներ, ինտենսիվ շարժեր, հայկական կողմի համար մտահոգության նոր ուղղության «սադրում»՝ Նախիջևանի մասով, միաժամանակ ինտենսիվ աշխատանք Կրեմլին համոզելու, որ Հայաստանում ձևավորված է հակառուսական իշխանություն, որին պետք չէ վստահել:
Երևանը, սակայն, մնաց անդրդրվելի, Ադրբեջանի ջանքերը չտվեցին արդյունք, հայ-ռուսական տիրույթում Նիկոլ Փաշինյանին հաջողվեց Պուտինի հետ երկու հանդիպումներում ձևավորել փոխադարձ վստահության նվազագույն մթնոլորտ և անցնել Արևմուտքի հետ նոր հարաբերության կառուցմանը՝ նախորդից եղած արդեն իսկ որոշակի կարևոր հիմքերի վրա: Միաժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանն, իհարկե, պատերազմ չի սկսի (այսինքն՝ ցույց տալով դրանով, որ կա նույնիսկ այդ տարբերակի դիտարկումը, և Բաքուն թող չմտածի, թե Երևանից դա պետք չէ սպասել), բայց միևնույն ժամանակ Ադրբեջանը պատերազմ սկսելու դեպքում կստանա հուժկու հակահարված: Բաքվի շանտաժը չընդունեց նաև Մոսկվան, որին մի շարք պատճառներով բացարձակապես ձեռնտու չէ իրավիճակի լարումն ու ռազմական գործողությունների վերսկսումը:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում