«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադառնալով հարցին, թե ո՞վ է լինելու իրենց թեկնածուն, ասել էր. «Ես խոստանում եմ ՝ հենց Տարոն Մարգարյանը հրաժարական տա, առաջիկա մեկ ժամվա ընթացքում մենք այդ հարցը կորոշենք»։
Դրանից ավելի քան մեկուկես ամիս անց, սակայն, չի բացառվում, որ ԵԼՔ-ը նախընտրելի համարի ավագանու արտահերթ ընտրությունները եւ գործող ավագանու իր անդամներից քաղաքապետի թեկնածու չառաջադրի, որովհետեւ խմբակցության կազմն այս ընթացքում բավական փոփոխություններ է կրել, ավագանու ԵԼՔ խմբակցությունը ներկայացնող անձանց մի մասը նշանակվել են տարբեր պաշտոններում։
«Եթե համադրենք, թե այն պահին ովքեր էին խմբակցության անդամները եւ հիմա, այդ որոշումը, բնականաբար, նույնը չի կարող լինել։ Դրա համար պետք է քննարկում իրականացնենք եւ հասկանանք՝ առհասարակ առաջադրում լինելո՞ւ է, թե՞ ոչ, եւ եթե լինելու է, ապա՝ ով։ Ինչպես ասացի, խմբակցության կազմը գրեթե 30 տոկոսով փոխվել է, եւ այդ հարցին պատասխանելը այս պահին այդքան էլ հեշտ չէ։ Գուցե քննարկվի եւ թեկնածու չառաջադրելու քաղաքական նպատակահարմարություն գտնվի։ Սա ընդամենը տարբերակներից մեկն է»,- ասաց Դավիթ Խաժակյանը։
Հարցին, թե ինչով կարող է քաղաքապետի թեկնածու չառաջադրելը նպատակահարմար լինել, նա պարզաբանեց, որ այն դեպքում, երբ քաղաքապետի թեկնածու չլինի կամ որեւէ թեկնածու չստանա բավարար ձայներ, ապա կանցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ։ «Այս պահից հաշված երեք օր անց մենք պետք է ունենանք ավագանու նիստ, որոշենք ընտրության օրը, որը պետք է լինի 2 շաբաթից 30 օրվա ընթացքում։ Քաղաքապետի ընտրությունը գործող ավագանու կազմից կարող է լինել 33 օրվա ընթացքում, իսկ ավագանու արտահերթ ընտրությունները՝ ամենաուշը 74 օրվա ընթացքում»,- մանրամասնեց ԵԼՔ խմբակցության ղեկավարը։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում