Մոտ երկու ամիսների ընթացքում, ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում ավելի քան 20 մլրդ դրամ է վերականգնվել: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ երեկ ամփոփել են տվյալները, իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործերով միայն հարկային պարտավորությունների մասով հուլիսի 1-ի դրությամբ 20 մլրդ 622 մլն դրամի չվճարված հարկ է արձանագրվել: «Այսինքն՝ 42 մլն դոլարի մասին է խոսքը գնում երկու ամսվա ընթացքում: Սա կարևոր ցուցանիշ է, և այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակել: Մամուլում հրապարակումներ կան, որ բյուջեում այս պահին այս վերադարձված ու վերականգված թիվը չի արտահայտվում: Այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա: Ես կխնդրեմ ՊԵԿ նախագահ պարոն Անանյանին՝ ներկայացնել, թե ինչն է պատճառը, որ այս պահին չունենք բյուջեում այս 20 մլրդ դրամը»,- ասաց վարչապետը:
ՊԵԿ նախագահն ասաց, որ ԱԱԾ, ՊԵԿ ու ոստիկանության համատեղ ջանքերով, համատեղ քրեական գործերի շրջանակներում այդքան գումար է արձանագրվել եւ ըստ էության 20 մլրդ դրամը օր օրի փոփոխվում է, բարձրանալու միտում ունի: «Այս պահին 73 տնտեսվարողների վարքագծի արդյունք է այդ գումարը: Եվ մենք կարող ենք դա բաժանել երեք մասի, 800 մլն դրամը փաստացի մուտքագրվել է բյուջե, մոտ 12.7 մլրդ առաջադրվել է գանձման պետական բյուջե, իսկ 7 մլրդ-ի կարգի թիվը նախնական հաշվարկ է, որը փոփոխման է ենթակա: Քննչական գործողությունների արդյունքում դրանք մեծանալու միտում ունեն»,- ասաց Անանյանը:
ՊԵԿ նախագահը նաեւ նշեց, որ վերականգնում դեռ չի նշանակում պետական բյուջե անմիջական մուտք: Դա նշանակում է, որ մուտքագրվելու է պետական բյուջե ակտի առկայության պայմաններում:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ստուգումների արդյունքում, երբ ակտը կվերջնականանա, այդ ակտի արդյունքում գումարը մասնավոր ընկերության հաշվից փաստացի կտեղափոխվի պետական բյուջե: «Ես ուզում եմ լրատվամիջոցներին հանգստացնել՝ այս ավելի քան 20 մլրդ դրամը որևէ տեղ չի կարող կորչել, դրանք վերականգնված գումարներ են: Բայց այս թիվը վերաբերում է միայն հարկային պարտավորություններին, այս թիվը չի վերաբերում ապօրինի հարստացման դեպքերին, յուրացումներին և այլ կոռուպցիոն երևույթների հետ կապված գործերին, որոնք նույնպես իրենց ծավալներով չափազանց մեծ են»,- նշեց Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ այս գործընթացը շարունակվելու է աննահանջ ու մինչև վերջ պետությանը հասցված վնասը վերականգնվելու է:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այդ գումարներից շուրջ 30 մլն դոլար այս տարի ներարկվում է դեպի մարզեր, համայնքներ, իսկ մասնագետներն ասում են, որ դա լուրջ գումար է, որպեսզի մարդիկ տեսնեն փոփոխությունները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ