Ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկին «168 ժամի» հետ զրույցում ասաց, որ չնայած Թրամփն ու Պուտինը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ են, առաջիկա գագաթաժողովը նրանց առաջին հանդիպումն է լինելու վերջին մի քանի տարիների ընթացքում։ Հաշվի առնելով հարաբերությունների լարվածությունը, խնդիրները Սիրիայում, Ուկրաինայում, Ղրիմի, ՆԱՏՕ-ի շուրջ, ըստ Սթրոնսկու՝ նախագահները, քիչ հավանական է, որ անդրադարձ կատարեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ «ԼՂ հակամարտության դեպքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումներում քիչ թե շատ հասկանալի իրավիճակ է, ռուս-ամերիկյան ջանքերն այստեղ սովորաբար համատեղ են, ամերիկյան կողմն ունի իր դիրքորոշումը, համապատասխան աշխատանքն իրականացնում է համանախագահը, և ԱՄՆ նախագահները սովորաբար այս հակամարտության հարցում անձնական միջամտություն չեն ցուցաբերում։ Չնայած այս կարծիքը կասկածի տակ հայտնվեց այն բանից հետո, ինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում խոսել էր կարգավորման գործընթացում ստեղծվելիք հնարավորության մասին։ Չնայած այս նամակի բովանդակությանը, կարծում եմ՝ հերթը ԼՂ հակամարտությանը չի հասնի։ Միացյալ Նահանգների համար ներկայումս այս գոտում կայունության պահպանումն է, Հարավային Կովկասում ԱՄՆ-ը ունի որոշակի շահեր ու հետաքրքրություններ, բայց դրանք առաջին տեղում չեն»,- նման կարծիք հայտնեց Փոլ Սթրոնսկին։
Ինչ վերաբերում է Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը, ապա Սթրոնսկու խոսքով՝ լավատեսության հիմքեր գրեթե չկան։ «Խնդիրն առավելապես Հայաստանի և Ադրբեջանի դաշտում է, քանի որ համանախագահներն ընդհանուր առմամբ չեն խոչընդոտում, այլ միասնաբար աջակցում են լուծման փնտրտուքին։ Կարծում եմ՝ անորոշ արդյունքներ ենք ունենալու այս հանդիպումից։ Առանց այն էլ բարդ բանակցություններում բանակցող է փոխվել, կարծում եմ՝ հանդիպումն առավելապես ծանոթություն կլինի, շփման փորձ դիվանագետների միջև»,- նկատեց Սթրոնսկին։
Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարն ասաց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թրամփն ու Պուտինն այս ձևաչափով հանդիպելու են երկար դադարից հետո, չի բացառվում, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը ևս քննարկվի նախագահների կողմից, քանի որ իրավիճակը հակամարտության գոտում այնքան էլ խաղաղ չէ։ «Ավելին, որոշ տեղացի վերլուծաբանների պնդմամբ՝ նախապատերազմական է։ Կարծում եմ՝ նախագահները կշրջանցեին այս թեման, եթե իրավիճակն այսպիսին չլիներ։ Հաշվի առնելով իրավիճակն աշխարհում, այս գագաթաժողովի արդյունքում նախագահները կարող են համաձայնեցնել միմյանց դիրքորոշումները ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակի վերաբերյալ։ Կարծում եմ՝ այսօր որևէ կենտրոնի ձեռնտու չի կարող լինել պատերազմը Ղարաբաղում, և այն տեղի չի ունենում հենց այդ պատճառով, քանի որ չկա արտաքին աջակցություն։ Թրամփ-Պուտին հանդիպումից հետո հնարավոր է Ղարաբաղի ուղղությամբ բարձր մակարդակի հանդիպման նախաձեռնություն լինի, քանի որ նման մտադրություն էր հայտնել վերջերս ԱՄՆ նախագահը։ Չեմ բացառում, որ Թրամփի այդ մտադրությունն իրականություն դարձնի ՌԴ նախագահը, ով ավելի մեծ ազդեցություն ունի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ»,- ասաց Ռարը։
Նրա խոսքով, ավելի մեծ են ակնկալիքները նախագահների հանդիպումից, քան նախարարական։ «Դժվար է պատկերացնել, որ նախարարների հանդիպումից հետո իրավիճակ կփոխվի։ Սա այն մակարդակը չէ, որ իրավիճակ փոխի»,- ասաց Ռարը:
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում