«Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի գործունեության մասով ծառայողական քննություն է իրականացվում»,- այսօր լրագրողներին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ Կարապետյանը աշխատել է սեփական ընկերության օգտին՝ շուկայից դուրս մղելով մյուս ընկերություններին:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը սկանդալների կենտրոնում հայտնված պաշտոնյա է, նախկինում նա հեռացվել էր ՊԵԿ համակարգից, բայց ՊԵԿ նոր նախագահ Դավիթ Անանյանի առաջարկով նշանակվել էր վերոնշյալ վարչության պետ:
«Իմ հրամանով ծառայողական քննություն է իրականացվում: Ծառայողական քննության առարկան վարչության գործունեությունն է: Մարդկային ֆանտազիաները չափ ու սահման չունեն: Ես պնդում եմ՝ Կարեն Կարապետյանը՝ որպես օպերատիվ աշխատակից, պրոֆեսիոնալ է, բայց որոշակի վարքագիծ ինքը ունի, ճշտվելու է՝ այդ վարքագիծը տեղի է ունեցե՞լ, թե՞ ոչ: Երեք հնարավոր ելք կարող է լինել: Առաջինը՝ հերքվում է տեղեկատվությունը, և Կարեն Կարապետյանը շարունակում է պաշտոնավարումը, երկրորդ՝ տեղեկատվության մի մասն է ճշտվում, մի մասը՝ հերքվում, և այդտեղ գնահատվում է նրա պաշտոնավարման նպատակահարմարությունը, երրորդ՝ ամբողջ ծավալով տեղեկատվությունը ճշտելուց հետո համապատասխան մարմին, օրինակ, ՀՔԾ, նյութեր են ուղարկվում»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Դավիթ Անանյանն ասաց, որ այս պահին Կարեն Կարապետյանն աշխատում է, բայց իր տեղակալների միջոցով է գործունեություն իրականացնում, իսկ ծառայողական քննությունն իրականացվում է օպերատիվ հետաքննության վարչությունում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ