Այսօր կառավարության նիստից առաջ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ Քոչարյանի գրասենյակից ասում են, որ նա միայն հուլիսի 25-ից հետո կարող է ներկայանալ ՀՔԾ և հարցաքննվել «Մարտի 1»-ի գործով, ասաց, որ վկային հարցաքննելու ընթացակարգերը հստակ սահմանազատված են Քրեական դատավարության օրենսգրքով եւ տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով վկային հարցաքննելու հնարավորություն օրենսգիրքը չի նախատեսում: Սասուն Խաչատրյանը նշեց, որ կսպասեն՝ մինչև հուլիսի 25-ին Քոչարյանը գա:
Նա նշեց, որ թեպետ ծանոթացել է Քոչարյանի հարցազրույցին, բայց չի կարծում, որ ՀՔԾ պետն այն անձն է, ով պետք է մեկնաբանի Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը:
Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքին և մասնագետների այն պնդումներին, թե այդ մեղադրանքը պետք է փոխվի, ՀՔԾ պետը պատասխանեց, որ ինքն իր կարծիքը հայտնել է և շարունակում է մնալ իր կարծիքին:
Այս հարցով նախկին նախարար Դավիթ Հարությունյանի մեկնաբանություններին անդրադառնալով՝ Սասուն Խաչատրյանն ասաց, որ Դավիթ Հարությունյանը իրավաբան է և իրավունք ունի հայտնելու իր կարծիքը:
Իսկ «Մարտի 1»-ի գործի բացահայտման հնարավորության մասին ասաց, որ լավատես է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ