Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում՝ երբ տնտեսությունը մղվել է հետին պլան, եւ «առաջնագծում» հայտնվել է ԱԱԾ-ը՝ շատ դեպքերում խիստ կասկածելի, ակնհայտորեն ուղղորդված, բացահայտ քաղաքական ու քաղաքականացված իր «բացահայտումներով» հանդերձ, արդյոք հենց ա՞յն է, ինչ սպասում էր հասարակությունը «Նոր Հայաստանի» թավշյա հեղափոխական կառավարիչներից։ Հարցերին պատասխանում է քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ։
-Երբ երկրում կա անարդարություն, այո, հասարակությունը հենց դրան էլ սպասում է։ Ուրիշ բան, որ սա պետք է ուղեկցվի տնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականությամբ, ինչը առայժմ, ցավոք, չեմ տեսնում։
Այսինքն՝ այն, ինչին ականատես ենք այսօր, անխուսափելի էր՝ հեղափոխությունը հենց դրա համար էլ արվել է, բայց միայն «արդարության վերականգնման» հետեւից ընկնելով՝ երկիր պահելը շատ դժվար կլինի. եթե տնտեսական հստակ քաղաքականություն, տնտեսական ռազմավարություն չմշակվի, այն էլ՝ արդեն մոտակա ժամանակներում, կարծում եմ, կառավարությունը կարող է խնդիրներ ունենալ։ Ընդ որում՝ մեկը մյուսին չի խանգարում. կարելի է զուգահեռ աշխատել միաժամանակ երկու ուղղություններով։
-Եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան մի քանի ամիս անց՝ հետհեղափոխական էյֆորիայի ներքո, արդյոք նման պայմաններում ձեւավորված խորհրդարանը լիարժեք կարտահայտի՞ հանրային տրամադրությունների ողջ խճանկարը։
-Չէի ասի, թե էյֆորիան շատ է պահպանվել։ Նույն Սիսիանում, Սյունիքում մարդիկ արդեն պրագմատիկ հարցադրումներ են անում, չեմ ասում՝ դժգոհ են, բայց առարկայական խնդիրներ են դնում վարչապետի առջեւ։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, եթե հաշվի առնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն արդեն ընթացքի մեջ են, եւ ԱԺ անցողիկ շեմը փաստորեն իջնում է, ապագա խորհրդարանը կլինի «մոզայիկ» խորհրդարան՝ խորհրդարանական խճանկարը բազմագույն կլինի։ Այլ բան է, որ «Քաղպայմանագիրը» կամ «Ելք» դաշինքը (կարծում եմ, «Քաղպայմանագիրը», այնուամենայնիվ, դաշինքով չի գնա ընտրություններին, այլ առանձին) Ազգային ժողովում կունենա մեծամասնություն։
Որքանո՞վ համոզիչ կլինի այդ մեծամասնությունը՝ այս պահին դժվար է միանշանակ ասել. դա կախված է մի շարք գործոններից։ Մի բան պարզ է՝ անցողիկ շեմի իջեցումը շատերին է ձեռ տալիս, այդ թվում՝ այսօր խորհրդարանում ներկայացված որոշ ուժերի եւ արտախորհրդարանական շատ կուսակցությունների։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում