Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ հայտնել է, որ նախկին նախագահին 2008թ. Մարտի 1-ի գործով հարցաքննության հրավիրելու ՀՔԾ ծանուցումը ստացվել է, նա պատրաստ է ներկայանալ եւ չունի որեւէ մտավախություն։ Ավելին՝ Սողոմոնյանը պնդել է, թե Քոչարյանը Մարտի 1-ին Սահմանադրություն չի խախտել։ Ինչեւէ, Մարտի 1-ի գործի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի հետ։
– Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կոչ է արել կարդալ Սահմանադրությունը եւ վստահեցրել է, որ այն ժամանակ Սահմանադրության խախտում տեղի չի ունեցել։
– Նրան թվում է, թե մեղադրանքները հնչեցվել են մարդկանց կողմից, ովքեր Սահմանադրություն չեն կարդացել։ Միայն մեկ դեպք կարող էր լինել ռազմական դրություն կիրառելու՝ եթե արտաքին թշնամիների հարձակում լիներ։ Բայց ռազմական դրություն չի հայտարարվել, այլ արտակարգ դրություն, եւ այդ պայմաններում բանակը չէր կարող կիրառվել։ Ես խորհուրդ կտայի այդ խորհուրդ տվողին ավելի ուշադիր կարդալ Սահմանադրությունը։
– Խոսնակը նշել է, որ Քոչարյանը որեւէ անհանգստության առիթ չունի, եւ այս տարիներին վայրահաչոցներ են եղել իր նկատմամբ մի գործի առնչությամբ, որի հետ նա կապ չունի։ Հիմա, ըստ Ձեզ, ունի՞ Քոչարյանն անհանգստության առիթ։
– Ես չեմ կարծում, որ մեզ պետք է հետաքրքրեն Ռ. Քոչարյանի հոգեբանական տվայտանքները։ Չի անհանգստանում, ավելի լավ։ Մեզ չի հետաքրքրում իր անհանգստանալ, չանհանգստանալը։ Մեզ հետաքրքրում է արդարադատությունը։ Եվ այդ տրամադրությունները համարում եմ սխալ, երբ ասում են՝ կախել, քառատել։ Մեզ հետաքրքրում է օրենքի վերականգնումը, այնպիսի արդարադատության մատուցումը, որը դաս կլինի հայաստանյան քաղաքական վերնախավի եւ բոլոր սերունդների համար։ Դաս առ այն, որ սեփական ժողովրդի վրա չի կարելի կրակել։
Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում